«Հայֆեստ»-ին խանգարել են միայն սողանքն ու նստացույցը

14:40 • 05.10.11

«Հայֆեստ» միջազգային փառատոնը Երևանում շարունակվում է: Ըստ փառատոնի մամուլի պատասխանատու Լիլիթ Ասլանյանի՝ այս տարի փառատոնն արդարացնում է բոլոր ակնկալիքները: «Բոլոր ներկայացումների ժամանակ ունենում ենք լիքը դահլիճներ, իսկ երբեմն նաև ցանակցողներին չենք կարողանում տեղավորել, ինչպես դա պատահեց երեկ «Կրեդո» թատրոնի ներկայացման ժամանակ»- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ներկայացումների տոմսերն արժեն 1000 դրամ: Ներկացումները զուգահեռաբար անց են կացվում երևանյան համարյա բոլոր բեմերում: «Մինչ օրս ծրագրից ոչ մի շեղում չենք ունեցել, ամեն ինչ գնում է իր բնականոն հունով: Միայն Ազատության հրապարակում քաղաքապետարանի կողմից մեր արտոնված մի ներկայացումը չկայացավ նստացույցի պատճառով: Մենք կարող էինք չհանել ներկայացումը, ունեինք դրա իրավունքը, ուղղակի հարմար չգտանք այդ մթնոլորտում ինչ-որ բան անել: Մեկ էլ սողանքի պատճառով Վրաստանից Մարջանիշվիլու թատրոնն է ուշանում: Նրանց մասնակցությամբ մի մեծածավալ նախագիծ հանել ենք, սակայն հույս ունենք, որ դեռ կգան, և հայ հանդիսատեսին կներկայանան փակման արարողությանը»,- նշեց Լիլիթ Ասլանյանը: