Սարկոզին Հայաստանին կնվիրի Ռոդենի արձաններից մեկը (թարմացված)

12:23 • 05.10.11

Վաղը` հոկտեմբերի 6-ին, երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Երևանում Նիկոլա Սարկոզին Սերժ Սարգսյանի հետ միասին կմասնակցի նաև Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա կգտնվի Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի նվիրաբերության արարողությանը:

Քանդակը Ֆրանսիայի Հանրապետության նվերն է Հայաստանի Հանրապետությանը:

Ժյուլ Բաստիեն Լըպաժը ֆրանսիացի հայտնի նկարիչ է: Նա նկարում էր գյուղական կյանքը նատուրալիստական ոգով:

Նրա կտավները տեղ են գտել Փարիզի, Լոնդոնի, Ֆիլադելֆիայի և աշխարհի այլ խոշորագույն թանգարաններում: Հայտնի նկարիչը մահացել է 36 տարեկան հասակում:

Ռոդենի հեղինակած մեծ նկարչի արձանը գտնվում է Ֆրանսիայի Դամվիեյ համանյքում, որը Լըպաժի ծննդավայրն է: Ռոդենը արձանը քանդակել է նկարչի մահից 5 տարի հետո: