Հանքավայրի շահագործում կարող է աղետալի լինել Տաթևի վանական համալիրի համար. «Խոսքի իրավունք»

15:12 • 05.10.11

«Խոսքի իրավունք» միավորումն ահազանգում է, որ Սվարանց գյուղում Հանքավայրի շահագործում կարող է աղետալի լինել Տաթևի վանական համալիրի համար։

«Սույն թվականի փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը և քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը:

Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթև գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:

Սվարանցի երկաթի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու:

Հանքավայրի շահագործումն աղետալի հետևանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ծրագիրն ընդգրկում է Տաթև վանական համալիրը, շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը»,- ասվում է միավորման տարածած հաղորդագրությունում: