Գերմանաբնակ դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը վաղը կներկայանա հայ ունկնդրին
«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ վաղը, ժամը 19.00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության հինգերորդ փառատոնի համերգը:
Հայ ունկնդրին կներկայանա դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Աշոտ Խաչատուրյանը (Գերմանիա):
Ծրագրում`
Դ.Սկարլատի-Սոնատներ K 212, K 213
Յ.Հայդն-Սոնատ N 52 Es-dur, Hob. XVI/52
Ֆ.Շոպեն-Բալլադ N1 g-moll op.23
Լ.վ.Բեթհովեն-Սոնատ N 11 op.22
Ս.Ռախմանինով-Երաժշտական ակնթարթ op.16 . N I. II. III. IV
Աշոտ Խաչատուրյանը ծնվել է 1984-ին` երաժիշտների ընտանիքում: 5 տարեկանից հաճախել է դաշնամուրի դասընթացների` Վալենտինա Նիկոլաևայի մոտ: 8 տարեկանում առաջին անգամ ելույթ է ունեցել նվագախմբի հետ` կատարելով Ջ.Գերշվինի «Երկնագույն ռապսոդիան»: Մոսկվայի Սիմֆոնիկ նվագախմբի հետ` Վալերի Պոլյանսկու ղեկավարությամբ, 10 տարեկանում հանդես է եկել որպես մենակատար: 2001-ին Մոսկվայի Մեծ Թատրոնի բեմում հանդես է եկել Ս.Ռախմանինովի 2-րդ և 3-րդ կոնցերտների կատարմամբ` արժանանալով հանդիսատեսի և երաժշտագետների բարձր գնահատանքին: 2005-ին տեղափոխվում է Բազել` ուսանելու Լասլո Ջիմեզիի և Ջերարդ Վոսսի մոտ` Բազելի երաժշտական ակադեմիայում, այնուհետև շարունակում է ուսումնառությունը Էլիսո Վիրսալաձեի մոտ Ֆիեզոլեում (Իտալիա):Մի շարք միջազգային հեղինակավոր մրցույթների հաղթող և դափնեկիր է, որոնց թվում` Մարթա Արգերիխի դաշնամուրային մրցույթը (1-ին մրցանակ, 2007), Giovanni Management Foundation (1-ին մրցանակ, 2004) ,Top of the World միջազգային մրցույթ (2-րդ մրցանակ, 2011): Մենահամերգներով հանդես է եկել հեղինակավոր բեմերում. Վիգմոր Հոլլ(Լոնդոն), Պլեյել, Կորտո, Լուվր (Փարիզ):Կամերային անսամբլների կազմում հանդես է եկել բազմաթիվ ճանաչված երաժիշտների հետ. Յուրի Բաշմետ, Միշա Մայսկի, Իվան Մոնիգետտի, Լիանա Իսակաձե, Զախար Բրոն և այլք:
Փառատոնը հայ հանդիսատեսին կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով և կավարտի աշխատանքը հոկտեմբերի 24-ին:










