Ֆրանսիայի հրապարակում բացվեց Ռոդենի հեղինակած արձանը. Սարկոզին հայերեն արտասանեց Ցե-ղաս-պա-նութ-յուն (տեսանյութ)
Առավոտից Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ էր, տրամադրությունը` տոնական: Երկու նախագահները Ազնավուրի երգի հնչյունների ներքո բացեցին Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մոտեցավ հավաքված բազմությանը, սեղմեց շատերի ձեռքը և զրուցեց նրանց հետ:
Մինչև արձանի բացումը երկու նախագահները հանդես եկան ողջույնի խոսքով: Սարկոզին իր խոսքում կրկին հիշեցրեց 1915թ. իրադարձությունները Ցեղասպանություն անվանելու անհրաժեշտությունը: Ի դեպ, Ցեղասպանություն բառը նա արտասանեց հայերեն:
Սարկոզին իր ելույթի վերջում նաև հայերեն արտասանեց «Կեցցե Հայաստանը, կեցցե Ֆրանսիան», ինչը ներկաների կողմից բուռն ծափահարությունների արժանացավ:
Ժյուլ Բաստիեն Լըպաժը ֆրանսիացի հայտնի նկարիչ է: Նա նկարում էր գյուղական կյանքը նատուրալիստական ոգով:
Նրա կտավները տեղ են գտել Փարիզի, Լոնդոնի, Ֆիլադելֆիայի և աշխարհի այլ խոշորագույն թանգարաններում: Հայտնի նկարիչը մահացել է 36 տարեկան հասակում:










