Պիկասոյի գողացված կտավները գտել են Սերբիայում

14:37 • 08.10.11

Շվեյցարիայի իշխանությանը հաջողվել է գտնել Պաբլո Պիկասոյի երկու գողացված գործերը Սերբիայում: Այս մասին հայտնում է Schweizer Fernsehen շվեյցարական հեռուստաալիքը:

Խոսքը վերաբերում է «Ձիու գլուխ» և «Բաժակ և կուժ» կտավներին, որոնք 2008թ. գողացվել էին Պֆեֆիկոն քաղաքի թանգարանից:

Կտավները պատկանում են Շպրենգելի թանգարանին, որը գտնվում է Հանովերում: Կտավները գտնելու համար թանգարանի ղեկավարությունը նշանակել էր դրամական պարգև, սակայն գումարի չափը չէր նշվում: Գողացված կտավների ընդհանուր արժեքը կազմում է 4,5 մլն ֆրանկ (ավելի քան 5 մլն դոլար):

Թե որտեղ են հայտնաբերվել կտավները կամ ովքեր են կասկածվում գողության մեջ, դեռ հայտնի չէ: Շվեյցարիան արդեն դիմել է Սերբիայի իշխանությանը կտավները վերադարձնելու պաշտոնական խնդրանքով: