Արամեն ստեղծագործական կյանքի նոր փուլ է մտնում. թողարկվել է «Իմ միակ սիրելի» ձայներիզը (տեսանյութ)

14:58 • 10.10.11

Երգիչ Արամեն իր ծննդյան տարեդարձի առթիվ ինքն է նվեր մատուցում երկրպագուներին: Նրա «Իմ միակ սիրելի» ձայներիզի և համանուն տեսահոլովակի շնորհանդեսը տեղի կունենա Մոսկվայի տանը այսօր, ժամը 16.30-ին:

«Ինձ համար կան հերթական և կարևոր տեսահոլովակներ: Այս մեկը ամենակարևորներից է: Շատ ժամանակ, էներգիա ու փող ենք վատնել այս տեսահոլովակի վրա ու կարծում եմ՝ այն կդառնա մնայուն արժեք, այլ ոչ մեկ օրվա կյանք ունեցող սովորական աշխատանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգիչը: Նա ավելացրեց, որ տեսահոլովակի վերջնական տարբերակը լիովին տարբերվում է իր պատկերացրածից. «Հարցն այն չէ՝ ավելի լավն է, թե ավելի վատը, բայց բոլորովին այնպիսին չէ, ինչպիսին ես այն տեսնում էի սկզբում»,- ասաց նա:

Տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյանը, իրենց նոր աշխատանքը համարելով Արամեի ստեղծագործական կյանքի նոր շրջանի սկիզբ, չցանկացավ անգամ այն տեսահոլովակ անվանել։ Ըստ նրա՝ «Իմ միակ սիրելի» երգի հիման վրա փոքրիկ նովել է նկարահանվել, որի գլխավոր դերակատարը Արամեն է: «Կարծում եմ՝ էն գործը, որ արել ենք, փոքրիկ պատմություն է հավերժական սիրո մասին, որը շատ տխուր ավարտ է ունենում: Ավելի հասուն տարիքի սերն ենք դիտարկում ու մի քիչ այլ տեսանկյունից ենք դիտարկում: Այս տեսահոլովակը նկարահանելիս փորձել ենք ձերբազատվել բոլոր ստանդարտներից ու հեռուստադիտողին զարմացնել այլ որակով»,- ասաց նա:

«Իմ սիրելի միակ» երգի տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան տեղի կունենա վաղը, իսկ ձայնասկավառակը հնարավոր կլինի ձեռք բերել խանութներից արդեն այսօր: