Դեղին մամուլին կաշառել են Ջիգարխանյանից վրեժ լուծելու համա՞ր

19:08 • 10.10.11

Հայազգի հանրաճանաչ դերասան, Մոսկվայի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Ջիգարխանյանի անձնական կյանքի շուրջ սկանդալը շարունակվում է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուսական լրատվամիջոցները վերջերս տեղեկություն էին տարածել, թե Ջիգարխանյանը սիրավեպ է սկսել երիտասարդ դերասանուհի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ, և այժմ այդ աղջիկն է Ջիգարխանյանին խորհուրդ տալիս՝ ինչ անել և ինչպես։ Հաղորդվում է, որ Վիտալինայի պատճառով թատրոնն արդեն մի քանի դերասան է լքել։

Որոշ ռուսական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ սկանդալային այդ լուրերը սաստիկ ընկճել են դերասանին և այդ ամենի պատճառով Ջիգարխանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով վերջերս նա հիվանդանոցում է հայտնվել։

Օրեր առաջ Sobesednik.ru կայքի հետ զրույցում Ջիգարխանյանը կրկին անդրադարձել է այդ լուրերին և ասել. «Ես ուզում եմ ասել, որ այդ ամենը փուչ բաներ են,  այլ խոսք չեմ գտնում ասելու։ Ես Վիտալինային գնահատում եմ որպես պրոֆեսիոնալի և թքած ունեմ այդ  լուրերի վրա։ Ես 50 տարի է, ինչ թատրոնում եմ, նման բաներ տեսել եմ։ Այլ դերասանների հետ կապված նմանատիպ պատմություններ ևս եղել են, և բոլոր դեպքերում նույն  խոսքերն են հնչել՝ «Թող նա (աղջիկը) լքի թատրոնը»։ Իսկ դուք ովքե՞ր եք՝ կիսագրագետ, անտաղանդ և որպես կանոն, ճարպակալած հիմարներ։ Ես դրանց բոլորին ազգանունով ճանաչում եմ, և ողջ ճշմարտությունը նրանց դեմքին ասել եմ։ Ես նրանց  դուրս եմ շպրտել, նրանց դուրը դա չի եկել, և նրանք գումար են հավաքել՝ դեղին մամուլին «կաշառելու» և ինձնից վրեժ լուծելու համար»,–ասել է Ջիգարխանյանը։