Երևանը կպարուրի եվրատեսիլյան տրամադրությունը
««Եվրատեսիլին» ընդառաջ ամբողջ քաղաքը կփոխի իր տրամադրությունը և եվրատեսիլյան տրամադրությունը գերակշռող կլինի դեկտեմբերի 3-ից դեռ մեկ շաբաթ առաջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Նա ավելացրեց, որ մարզահամերգային համալիրը լիովին հմապատասխանում է Եվրոպական ստանդարտներին և սպասվում է «Եվրոպական չափորոշիչներին համապատասխան, բայց հայկական կոլորիտով» շքեղ շոու:
Մանկական Եվրատեսիլին մասնակցող Հայաստանի ներկայացուցիչը` Դալիթան, ինչպես Հայաստան ժամանել պատրաստվող նրա մյուս հասակակիցները, ակտիվ նախապատրաստական փուլում է: Բացի իր ելույթին նախապատրաստվելուց, Դալիթան նաև զբաղված է եվրատեսիլյան իր երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանումներով: Ի դեպ, տեսահոլովակում կնկարահանվեն նաև մանակական «Եվրատեսիլի» այլ երկրների ներկայացուցիչներ: «Սա նույնպես նորություն է: Շատ ուրախ տեսահոլովակ է լինելու, մեր քաղաքի, երեխաների և «Եվրատեսիլի» մասին»,- նշեց Գոհար Գասպարյանը:
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի ղեկավար Սիեսթե Բեյքերի կարծիքով՝ «Եվրատեսիլի» անցկացումը լավ հնարավորություն է Հայաստանի նման փոքր երկրի համար լավագույնս ներկայանալ աշխարհին և այնպես անել, որ շատ շատերը իմանան դրա տեղը քարտեզի վրա: «Համոզված եմ՝ Հայաստանում շատ շքեղ շոու է լինելու: Մենք դեռ վաղուց ուսումնասիրել ենք մարզահամերգային համալիրը և գտել, որ այն համապատասխանում է եվրոպական ստանդարտներին: Մենք մեծ թիմով ենք աշխատում և հույս ունեմ՝ ամեն ինչ կընթանա իր բնականոն հունով»,- ասաց նա:










