Ամփոփվել են Վիեննայի Մխիթարյան Միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի արդյունքները
ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում այսօր Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և ԳԱԱ պատմության ինստիտուտի ու Մխիթարյան Միաբանության մասնակցությամբ կազմակերպված Վիեննայի Մխիթարյան Միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում կազմակերպվել է կլոր սեղան «Վիեննայի Մխիթարյան Միաբանության ավանդը հայագիտության զարգացման մեջ» թեմայով:
Կլոր սեղանի մասնակիցները քննարկել են Վիեննայի Մխիթարյան Միաբանության կազմավորմանը, կրթական կյանքին, հրատարակություններին և ձեռագրագիտական ժառանգությանն առնչվող հարցեր:
Ամփոփելով երկօրյա միջազգային գիտաժողովի արդյունքները` Վիեննայի Մխիթարյան Միաբանության աբբահայր ծ. վրդ. Հայր Պողոս Գոճանյանը շնորհակալություն է հայտնել Սփյուռքի նախարարությանը` գիտաժողովը նախաձեռնելու համար, ինչպես նաև ԳԱԱ պատմության ինստիտուտին` գիտաժողովի կազմակերպմանն աջակցելու համար:
Անդրադառնալով հայաստանյան մասնագետների կողմից Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան Միաբանությունների հարուստ արխիվային նյութերն ուսումնասիրելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությանը` ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշել է այդ նյութերը անոտացիայի ենթարկելու կարևորությունը` անհրաժեշտության դեպքում դրանցից օգտվելու և անտիպ նյութերի հրատարակման նպատակով:
Առաջիկայում կհրատարակվի Վիեննայի Մխիթարյան Միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն:










