«Թանգարանային գիշեր»-ի ամենաակտիվ մասնակիցը 1 տարի անվճար կայցելի թանգարաններ

20:40 • 11.10.11

Այսօր հայտնի դարձան «Թանգարանային գիշեր» ամենամյա ակցիայի շրջանակում կազմակերպված մրցույթի հաղթողները:

«Թանգարանային գիշեր» ամենամյա ծրագիրն այս տարի անց էր կացվում մայիսի 14-ին: Այդ օրը մինչև ուշ գիշեր բաց էին բոլոր թանգարանների դռները: Բացի հաճելի ժամանակ անցկացնելուց և թանգարաններ այցելելուց, քաղաքացիները հնարավորություն ունեին մասնակցելու յուրահատուկ մրցույթի: Ով ավելի շատ թանգարան այցելեր, դառնում էր հաղթող և արժանանում մի շարք մրցանակների: «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում այսօր պարգևատրվեցին 100 ամենաակտիվ մասնակիցները:

Երևանյան բոլոր 28 թանգարանները այցելել հասցրել էր միայն Այվազյանների ընտանիքը: «Սիրում եմ թանգարաններ այցելել և Թանգարանային գիշերը մեզ հրաշալի հնարավորություն ընձեռեց: Դստերս և որդուս հետ որոշեցինք այցելել հնարավորինս շատ թանգարան: Հետո իմացանք մրցույթի մասին և վերջում արդեն ուղղակի ազարտի հաշվին շարունակեցինք թանգարաններ մտնել»,- Tert .am-ի հետ զրույցում ասաց Աիդա Այվազյանը: Նրա դուստրը` Նարեն էլ նշեց, որ իր համար շատ կարևոր էր ունենալ խոստացված մրցանակը` մեկ տարվա անվճար աբոնեմենտ բոլոր թանգարաններ անվճար այցելելու համար: «Շատ լավ է, արդեն հնարավորություն կունենամ հանգիստ օրը մի թանգարան գնալ ու լավ ուսումնասիրել: Շատ եմ հավանել Փարաջանովի տուն թանգարանը ու անպայման այնտեղ կգնամ»,- ասաց նա: