Հայ ուսանողները Քուվեյթի համալսարանում արաբերեն կուսումնասիրեն

17:03 • 12.10.11

Հայաստանի և Քուվեյթի կառավարությունների միջև կրթության և գիտության բնագավառներում համագործակցության մասին պայմանագրի, Երևանի պետական համալսարանի և Քուվեյթի համալսարանի միջև փոխգործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի, ինչպես նաև Քուվեյթում ՀՀ դեսպանության և Քուվեյթի համալսարանի տնօրինության միջև կայացած համաձայնության շրջանակում հոկտեմբերի 1-ին Քուվեյթ են ժամանել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողները մեկ տարի ժամկետով Քուվեյթի համալսարանում արաբերեն լեզվի ուսուցման և կատարելագործման դասընթացներ անցնելու նպատակով:

Ինչպես հայտնում են ԱԳՆ-ից, Քուվեյթում ՀՀ դեսպանությունում կայացած հանդիպման ժամանակ ուսանողները համապարփակ տեղեկատվություն են ստացել երկրի առանձնահատկությունների և ուսուցման համակարգի մասին, ծանոթացել դեսպանության գործունեությանը:

Այսուհետ ԵՊՀ ուսանողներն ամեն տարի կարող են ուսուցման հատուկ ծրագրերի, արհեստավարժ մասնագետների և յուրահատուկ մեթոդաբանության շնորհիվ զարգացնել արաբերեն լեզվի, պատմության և գրականության բնագավառի իրենց գիտելիքները Քուվեյթի համալսարանում: Սա Հայաստանի և Քուվեյթի միջև գիտակրթական ոլորտում արձանագրված առաջին միջպետական բնույթի լուրջ ձեռքբերումն է: Երկու բուհերի միջև մոտ ապագայում կյանքի կկոչվեն նաև պրոֆեսորադասախոսական կազմի փոխանակման և համատեղ գիտակրթական փորձերի իրականացման մի շարք նախագծեր: