«Այլևս երբեք» քառամյա համերգաշրջանով հայ և համաշխարհային աստղերն աշխարհին խաղաղություն կքարոզեն
Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ընդառաջ «Art is for Preace» կազմակերպության նախաձեռնությամբ հայ և օտարազգի հայտնի երգիչները հանդես կգան «Այլևս երբեք» խորագիրը կրող համերգաշրջանով։ Մինչև 2015թ խումբը համերգներով կհյուրընկալվի Կանադայում, Եվրոպայում և արևելյան երկրներում։ Այս մասին հաղորդեց Հ1 հեռուստաընկերության «Առաջին լրատվականը»։
Լոս Անջելեսի խոշորագույններից մեկը համարվող վեց հազար տեղանոց «Գիբսոն» ամֆիթատրոնում նոյեմբերի 1-ին կտրվի հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված համերգաշրջանի մեկնարկը։
«Այլևս երբեք» նախաձեռնությանը մասնակցում են համաշխարհային ճանաչում վայելող աստղեր՝ Սթիվի Ուանդերի և Մայքլ Սթոունի գլխավորությամբ։ Ակտիվ մասնակիցներից է Արտո Թունջբոյաջյանը։ Նախաձեռնությունը Ֆլորա Մարտիրոսյանինն է, ում կատարմամբ «Դլե Յաման» երգը հուզել է Շերոն Սթոունի եղբորը՝ Մայքլ Սթոունին, ով «Դլե Յաման» և «Քելե լաո» երգերը թարգմանել է անգլերեն և դարձել երգչուհու աջակիցն այս նախաձեռնությունն իրականացնելու գործում։
«Սա լինելու է սկիզբը. մինչև ցեղասպանության 100-ամյակը մենք աշխատելու ենք բազմաթիվ երկրներում,- նշել է Ֆլորա Մարտիրոսյանը։- Մեզ հետ միացել են ամերիկացիներ, օտարներ. հենց դա է կարևոր»։
Ամերիկացի աստղերը նշել են, որ իրենց համար կարևոր է իրենց ձայնը միացնել ցեղասպանությունների կանխարգելմանն ու խաղաղության հաստատմանը նվիրված այս նախաձեռնությանը։
«Մենք ասում ենք, որ քսան տարվա անկախ պետություն՝ Հայաստան անունով, մարդկությանն ու աշխարհին քարոզում է խաղաղություն։ Ոչ ասել ցեղասպանություններին, ոչ ասել տեռորներին, ոչ ասել պատերազմներին»,- ասել է Ֆլորա Մարտիրոսյանը։
Համերգաշրջանը նախատեսվում է ամփոփել 2015թ Երևանում՝ մեգաաստղերի մասնակցությամբ մեծ համերգով։










