Անդրեն ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ «Միացիր երգին»

13:47 • 14.10.11

Երգիչ Անդրեն ներկայացրել է իր նոր՝ «Միացիր երգին» տեսահոլովակը։ Երգը պատրաստվել է մի քանի ժամվա ընթացքում, այն հեղինակել են Անդրեի ընկերները, և արդյունքում երգչի նոր ձայնասկավառակում այս երգն առանձնահատուկ ջերմություն ու էներգիա է հաղորդում։ Այս մասին երգիչը պատմեց «Արմենիա» հեռուստատեսության «Բարի լույս» հաղորդման հյուրասրահում։

Երգի՝ ոչ-սցենարային սկզբունքով նկարահանված տեսահոլովակում Անդրեն պարում է աշխարհի իր սիրած վայրերում։ «Հինգ ժամ սպասեցի, որ հերթս հասնի իմ ամենասիրած աստղի՝ Մայքլ Ջեքսոնի աստղի մոտ,- նշեց նա։- Սիրում եմ նաև Լաս-Վեգասը. Ստեփանակերտից հետո երկրորդ քաղաքն է ինձ համար»։ «Միացիր երգին»-ից բացի այս շրջանում Անդրեն զուգահեռաբար աշխատել է երեք երգի և տեսահոլովակի վրա։ Ձայնասկավառակը, թերևս, պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Հոկտեմբերի 16-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի է ունենալու մեծ համերգ՝ նվիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի հիշատակին։ «Ես, Սիրուշոն, Ինգան, Անուշը, Ռազմիկը Ամյան, մի խոսքով՝ բոլոր սիրված և հայտնի աստղերը ելույթ են ունենալու այս օրը։ Համերգը նվիրվում է Վարդուհի Վարդանյանի բոլոր երկրպագուներին, և այն երգերը, որ անզուգական են հնչել իր կատարմամբ, այժմ հնչելու են մեր կատարմամբ»,- հաղորդեց երգիչը։

«Վարդուհի Վարդանյանի» անվան բարեգործական հիմնադրամը գրեթե ամեն տարի կազմակերպում է այս հիշատակի համերգները։ Անդրեն տեղեկացրեց նաև, որ Արսեն Գրիգորյանի հեղինակած երգի հիման վրա նկարահանվում է տեսահոլովակ՝ նվիրված Վարդուհուն. այն առաջիկա օրերին կներկայացվի հանդիսատեսին։