Դեկլան Դոնելլանի շեքսպիրյան «12-րդ գիշերը» կբեմադրի Հայաստանում

20:48 • 14.10.11

«Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակում այսօր Գ.Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հայ հանդիսատեսին կներկայացվի Մոսկվայի Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի և Լոնդոնի «Չիկ բայ ջաուլ» թատրոնի համատեղ նախագիծը` Շեքսպիրի «12-րդ գիշեր» հանրահայտ ներկայացումը, որն անգլիացի աշխարհահռչակ բեմադրիչ Դեկլան Դոնելլանը իրականացրել է Մոսկվայում` ռուսաստանյան հայտնի դերասանների մասնակցությամբ: «Մենք շատ ուրախ ենք, որ Հայաստանում ենք և հնարավորություն ունենք հայ հանդիսատեսին ներկայացնելու հենց այս բեմադրությունը, որ ցուցադրել ենք ավելի քան 30 երկրում: Հույս ունենք՝ այս ներկայացումը սկիզբ կդառանա համագործակցության, որ կիրականացնենք հետագայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Չեխովի անվան միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Վալերի Շադրինը:

Մինչև տարեվերջ «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակում Հայաստանում կիրականցվեն նաև «Հանդիպումներ Երալաշի հետ» ծրագիրը` Բորիս Գրաչևսկու մասնակցությամբ, ինչպես նաև Առնո Բաբաջանյանի և Միքայել Թարիվերդիևի հոբելյաններին նվիրված համատեղ համերգներ և այլ միջոցառումներ: