Դիմակահանդես-շքերթով մեկնարկեց «Արևորդի» փառատոնը (տեսանյութ, լուսանկարներ)

21:16 • 14.10.11

«Արևորդի» բնապահպանական փառատոնն այսօր մեկնարկեց կենդանիների դիմակահանդես-շքերթով: Ավելի քան 500 մասնակիցներ, մեծամասամբ՝ պատանիներ, կենդանիներ պատկերող գունագեղ հագուստներով ու դիմակներով Երևանի և մարզերի տարբեր կրթօջախներից քայլերթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, այնուհետև շքերթն անցավ Նալբանդյան փողոցով և կանգ առավ Շառլ Ազնավուրի հրապարակում:

Երթը գլխավորում էին Գերմանիայի Բրեմեն քաղաքից «Արևորդի» փառատոնին հյուր եկած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտները, ովքեր իրենց ուրախ ռիթմերով բոլորին հրավիրում էին միանալու բնության պաշտպանությանը: Շքերթի ավարտին Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցավ բացօթյա համերգ։

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն արդեն երրորդ անգամ Հայաստանը կդարձնի բնապահպանական խնդիրների շուրջ լուրջ բանավեճեր ծավալող միջազգային հարթակ: Այն կներկայացնի ոչ միայն բնապահպանական ֆիլմերի լավագույն ընտրանի աշխարհի շուրջ 30 երկրից, այլև` կներկայանա բնապահպանական ակցիաներով, միջոցառումներով, նախաձեռնություններով, ծրագրերով, որոնց նպատակը, նախևառաջ, հասարակությանը բնապահպանական խնդիրների մասին իրազեկումն ու այլընտրանքային բնապահպանական կրթությունն է: