Հայաստանում ձևավորվում է փառատոնային հանդիսատես. «Հայ Ֆեստն» ամփոփեց արդյունքները
«Հայ Ֆեստ» իններորդ միջազգային թատերական փառատոնի կազմակերպիչներն այսօր ամփոփեցին արդյունքները:
«Փառատոնն անցավ նորմալ, առանց շեղումների: Ամեն ինչ մեր ուզածի պես ընթացավ, բացառությամբ մի քանի ներկայացումների , որոնք ուղղակի չկայացան: Ընտանեկան խնդիրների պատճառով չկարողացան փառատոնին մասնակցել մեր հյուրերը Դանիայից, սողանքը խանգարեց Մարջանշվիլու թատրոնի ժամանմանը, և նստացույցի պատճառով մենք հանեցինք մի բացօթյա ներկայացում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Նրա դիտարկմամբ` փառատոնն այս տարի ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես երիտասարդության շրջանում:
«Ուրախալի է, որ Երևանում ձևավորվում է փառատոնային հանդիսատես, որը հասկանում է սովորական և փառատոնային ներկայացումների տարբերությունը, և նրան չի զարմացնում այն, ինչ տեսնում է բեմից: Այս տարի մեր մշտական հանդիսատեսի կողքին տեսանք նաև նոր դեմքեր, որ գալիս էին համարյա ամեն ներկայացման, ինչը մեզ համար շատ ուրախալի է, չնայած կային նաև այնպիսիները ու զանգում ու «մուննաթ» էին գալիս, ասենք, նրա համար, որ ներկաjացումները թարգմանված չեն», - նշեց նա:
Փառատոնի կազմակերպիչների դիտարկմամբ փառատոնի շրջանակներում ամենամեծ հետաքրքրությունը հայ հանդիսատեսի մոտ առաջացրել են Կրեդո թատրոնի «Հայրիկը միշտ ճիշտ է» և Բիլլի Քոուի «Մենության տանգո» ներկայացումները: Հայ ռեժիսորների ներկայացրած աշխատանքներից հանդիսատեսը հատկապես հավանության է արժանացրել Վահան Բադալյանի «Ճայը» մանկական ներկայացումը և Միհր թատրոնի «Պիեսներ մահվան մասին» պարային դրաման:










