Վարդան Պետրոսյանը պատմեց իր ընտանիքի մասին
«Հիմա ես կարող եմ իմ համերգները ինքս կազմակերպել՝ հրավերներ ունեմ թե Փարիզից, թե Մոսկվայից, բայց այն նպատակները, որ դրել եմ իմ առաջ ինձնից պահանջում են, որ մնամ ու աշխատեմ Հայաստանում»,- ասաց սիրված դերասան Վարդան Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման հյուրասրահում։
«Ես հյուրախաղերի եմ գնում ամբողջ աշխարհում. ես բազմալեզու եմ, կարող եմ խաղալ և անգլերեն, և ֆրանսերեն, Մոսկվան դեռ սպասում է, էնտեղ պիտի ելույթ ունենամ ռուսերեն»,- ասաց դերասանը՝ հավելելով որ իրենց համարում է «վերադարձած»։
Ընտանիքով վերադարձի ժամանակը, ըստ նրա, դեռ չի հասել։ Նա նշեց, որ իր կինն արդեն բավական առաջ է գնացել ֆրանսիական թատերական շրջապատում։ Այնտեղ ունի թատերական դպրոց, «շփվում, աշխատեցնում է աշխարհահռչակ թատերական գործիչների, ընդլայնվում է իր շրջապատը» և այդ ամենն ուղղակի կտրել-թողնել գնալը ճիշտ չի լինի։
Դուստրը, որ 15 տարեկան է, սկսել է խորթություն զգալ ֆրանսիական միջավայրից։ «Հարցրի, ի՞նչը դուրդ չի գալիս, ասեց՝ բոլորի մտածողության միանմանությունը»,- ասաց դերասանը։
Որդին՝ հայ հասարակության մեջ ծնված, փոքր-ինչ մեծացած, ամրացած՝ «որպես չար տղա» է գնացել Ֆրանսիա, և սկզբնական շրջանում Վարդան Պետրոսյանին անդադար կանչել են դպրոց որդու՝ արաբ տղաների հետ կռիվներ սարքելու համար։
Դերասանը պատմեց նաև, որ որդուն ինստիտուտում ասել էին. «Դե կարաս չսովորես, հերդ թիկունքիդ կանգնած ա»։ «Հա, մտածում են, ուրեմն, հայրը թիկունքին կանգնած ա, որ չսովորի, ապուշ մեծանա»,- ամփոփեց նա։
Շուտով Հայկ Պետրոսյանը գնալու է բանակ. Վարդան Պետրոսյանը որդուն համարում է «կյանքի տղա, ով պատրաստ է զինվոր դառնալ»։ «Նրան ծանոթները մեկն ասել էր՝ պիտի բանակ գնաս, որ էս լակոտների՞ն պաշտպանես. Ինքն ասել էր՝ չէ, որ քո մորն ու քրոջը պաշտպանեմ,- ասաց նա՝ բոլոր զորակոչիկներին դիմելով,- դուք գնում եք, որ պաշտպանեք ձեր մայրերին ու քույրերին»։










