Կռճիկ չհասունացած երեխաները սեքսասպորտով են զբաղվում. Վարդան Պետրոսյան
«Կռճիկ չհասունացած երեխաները սեքսասպորտով են զբաղվում»,- ասաց սիրված դերասան Վարդան Պետրոսյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայելու առաջ» հաղորդման հյուրասրահում։ Նա ասաց, որ այս նոր սպորտաձևը հիմա տարածված է եվրոպական երկրներում՝ դեռահասներն իրար փորձում են զարմացնել՝ հնարավորինս հաճախ փոխելով զուգընկերներին։ Ըստ նրա՝ այդ տարիքում և նման մոտեցմամբ՝ «գլուխ գովալու համար պիտի սեռական հարաբերություններ ունենաս», ուղղակի հնարավոր էլ չէ սեռական հարաբերությունը վայելել, և «սեքսասպորտն» ուղղակի առավելագույնս բթացնում է պատանիների զգացմունքներն ու զգացողությունները՝ նրանց առհասարակ զրկելով իրական սերն իր զարգացման հմայքներով ապրելու երջանկությունից։
Ըստ Վարդան Պետրոսյանի՝ դեռահասների մոտ նման վերաբերմունք ձևավորվել է հեռուստատեսության ակտիվ ներգործությամբ։ «Եթե արևմտյան հեռուստատեությունն ամբողջ շեշտադրումը չդներ սեռական հարաբերությունների վրա, այլ ընդհակառակը՝ քարոզեր, որ սերն է, որ բերում- հասցնում է հաջողված սեռական հարաբերության, ոչ թե սեռական հարաբերությունն է սեր, որ սերն է հաջող հարաբերությունների գրավականը, ոչ թե՝ հակառակը… ամենամեծ պատգամը ոտատակ է արվել, սեր ասելով՝ հասկանում են սեռական հարաբերություն»,- ասաց նա՝ հավելելով, որ հիմա ծնողներն արդեն ընդվզում են հեռուստատեսության նման քաղաքականության դեմ նաև արևմուտքում։
Դերասանի դիտարկմամբ հիմա առանց հավասարակշռման հակադրվում է երկու ծայրահեղ տեսանկյուն։ «Շուտ արեք, իրար տեսեք, համբուրվեք ու սկսվում ա երջանկությունը. Մյուս կողմից՝ դրա դեմ կանգնում ա մեր ավանդապաշտությունը,- նշեց նա,- Ես միշտ ողջունել եմ էն զույգերին, որ ապրում են սիրով»։
Նա պատմեց, որ երբ մեկ ընդհանուր թոնրատան հատակին իրար կողքի քնում էր մի մեծ ընտանիք՝ չորս-հինգ ամուսնական զույգ և տարբեր տարիքի երեխաներ, մարդիկ առավել ջերմորեն էին վերաբերվում իրար, ինչի վկայությունն էին բազմաթիվ երեխաները, մինչդեռ հիմա, որ «ամենքը վեց-յոթ ննջարան ունեն, ոչ մի երեխա չեն ունենում»։
Վարդան Պետրոսյանը մի քիչ վախենում է անորոշությունից և որ երեխաներին հանկարծ բան չպատահի, սակայն ընդհանուր առմամբ ոչնչից չի վախենում։ Տարիներ առաջ արել է որոշ բաներ, որոնց համար ամաչում է։ Ափսոփում է, որ մայիկին ավելի շատ չի սիրել ու հայրիկի հետ ավելի շատ շփվել չի հասցրել։ «Մինչ օրս ապրած կյանքս կգնահատեի չաղլիկ երեք պլյուսով, բայց ես հույսս չեմ կորցնում, ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,- ասաց նա։ Կյանքում ստացած մեծագույն հարվածները համարում է իր երկու մտերիմների խաբեությունը։ «Ես հավատում եմ Աստծուն, ես հավատում եմ, որ նա թե մեր մեջ է, թե՝ ամենուր»,- եզրափակեց սիրված դերասանը։










