Երևանում բացվել է Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին
Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանի բակում բացվեց Լեոնարդո դա Վինչիի կիսանդրին: Բուհի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Մեծ իտալացու կիսանդրին համալսարանին է նվիրաբերել Իտալիայի «Ռոմուալդո Դել Բիանկո» հիմնադրամը:
Բուհի և հիմնադրամի համագործակցությունը 20 տարվա պատմություն ունի: Ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի խոսքով՝ այս բակում շուտով կտեղադրվեն անվանի այլ ճարտարապետների և քանդակագործների կիսանդրիներ։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ դա Վինչին նաև մի շարք բացահայտումներ է կատարել բժշկության ասպարեզում, և նախարարի կարծիքով՝ պատահական չէ, որ Ճարտարապետության և շինարարության համալսարանի հարևանությամբ է գտնվում Երևանի բժշկական համալսարանը:
Կիսանդրու կոմպոզիցիան նույնպես խորհրդանշական է` քանդակագործ Դինո Դե Ռանիերիի՝ իտալական մարմարից պատրաստած կիսանդրու պատվանդանը հայկական բազալտից է, ինչը, նախաձեռնողների կարծիքով, վկայում է հայ-իտալական ճարտարապետական համագործակցության մասին:
90-ամյակի առթիվ բուհում մեկնարկել է «Ճարտարապետության և դիզայնի դիպլոմային աշխատանքների» միջազգային մրցույթ-ստուգատեսը: Հայաստանում գծագրերը կներկայացնեն Ռուսաստանի, Ուկրաինաի, Իտալիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի 61 ճարտարապետական դպրոցներ: Մրցույթ-ստուգատեսին ներկայացված են 600-ից ավելի աշխատանքներ: Մրցույթը մեկնարկել է ռուսաստանյան բուհերի աշխատանքներից: Ուսանողների լավագույն ճարտարապետական լուծումները կարժանանան մրցանակների:










