Ֆլորենցիայի Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի պորտալում կներկայացվի նաև Երևանը

19:45 • 17.10.11

Մշակութային ոլորտում Երևանի և իտալական քաղաքների միջև համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Ֆլորենցիայի Ռոմուալդո Դել Բիանկա ֆոնդի տնօրեն Պաոլո Դել Բիանկոյի հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պաոլո Դել Բիանկոն Երևանի քաղաքապետին ներկայացրել է իր ղեկավարած ֆոնդի գործունեությունը, որը հիմնականում ուղղված է մշակութային երկխոսությունների հաստատմանն ու ընդլայնմանը։ Տեղեկացնելով, որ շուտով տեղի է ունենալու նաև ֆոնդի համացանցային պորտալի շնորհանդեսը, Պաոլո Դել Բիանկոն պատրաստակամություն է հայտնել պորտալի միջոցով ներկայացնել Երևանը՝ որպես մշակութային և զբոսաշրջային գրավիչ միջավայր՝ այցելուներին ներկայացնելով ոչ միայն հայկական մշակույթը, այլև տնտեսության այն ճյուղերը, որոնք կարող են նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնել։

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ քաղաքապետը նշել է, որ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել իտալական քաղաքների հետ կապերն ամրապնդելու համար։

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ ֆոնդը ևս մեկ հրապարակ կլինի Երևանը միջազգային հանրությանը ներկայացնելու համար։

Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին նույնպես կարևորել է քաղաքների միջև մշակութային երկխոսության անհրաժեշտությունը և նշել, որ ֆոնդն իր ուրույն դերակատարությունը կունենա և կօգնի զարգացնելու երկկողմ կապերը՝ նպաստելով, որ Հայաստանը ճանաչում ունենա տարբեր ասպարեզներում։

Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ երկկողմ աշխատանքային խումբը կքննարկի և գործակցության կոնկրետ առաջարկություն կներկայացնի։