Երևանում շարունակվում է «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնը

10:51 • 17.10.11

Հոկտեմբերի 14-ին, արդեն երրորդ անգամ, Երևանում մեկնարկել է «Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնը: Փառատոնը բացվել է ավանդույթ դարձած ինքանտիպ բնապահպանական շքերթով. 500-ից ավելի երեխաներ Երևանի տարբեր կրթօջախներից ժամը 17.00-ից կենդանիներ պատկերող գունագեղ զգեստներով դուրս են եկել երթի Ազատության հրապարակից: Նրանց երթը շարունակվել է Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ, անցավ Նալբանդյան փողոցով և կանգ առել Շառլ Ազնավուրի հրապարակում:

Երեխաների հագուստները պատրաստված էին ամենատարբեր աղբի թափոններից և ցուցադրում էին ոչ միայն երեխաների վառ երևակայությունը, այլև յուրովի կոչ էին անում դրսևորել բնապահպանական առողջ վարքագիծ: Դիմակահանդես-շքերթը գլխավորում էին Գերմանիայի Բրեմեն քաղաքից Արևորդուն հյուր եկած «Կոնֆուսաո» խմբի երաժիշտները, ովքեր իրենց ուրախ ռիթմերով բոլորին հրավիրում էին միանալու բնության պաշտպանությանը: Երթուղու ավարտին Շառլ Ազնավուրի հրապարակում երևանցիները հնարավորություն են ունեցել ունկնդրել պատանի երաժիշտների մասնակցությամբ բացօթյա համերգ և դիտել մանկապատանեկան թատերախմբերի մասնակցությամբ ուրախ ներկայացումներ:

Դիմակահանդես-շքերթին պատանիներն ու երիտասարդները մասնակցել են նաև հատուկ պաստառներով, որոնց վրա գրված են կոչեր` ի պաշտպանության բնության:

Արևորդի փառատոնի պաշտոնական բացումը տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում, ժամը 19.00-ին: Արևորդին բացվել է ֆրանսիացի հայտնի վավերագիր Պատրիկ Ռուսելի «GREEN» ֆիլմով:

Բացման արարողությունից անմիջապես հետո, ժամը 21.00-ին Շառլ Ազնավուրի հրապարկում կրկին բացօթյա համերգ է տեղի ունեցել: Այս անգամ ի պաշտպանություն վայրի բնության «Արևորդի» փառատոնի շրջանակում համերգային ծրագրով ներկայացել է «Բամբիռ» ռոք խումը:

Արևորդի փառատոնի փակման պաշտոնական արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, Մոսկվա կինոթատրոնում, երեկոյան ժամը 19.00-ին: Փառատոնի օրերին կայանալիք միջոցառումների մասին մանրամասն կարելի է ծանոթանալ նաև www.festival.sunchild.org կայքից:

Փառատոնի գլխավոր աջակիցն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: