Եռաչափ մոդելավորմամբ կվերականգնեն Անիի ավերակները
Մեկ ամսից լույս կտեսնի մայրաքաղաք Անիի 1050-ամյակին նվիրված նոր եռալեզու պատկերազարդ ալբոմ, որը կներառի շուրջ 700 լուսանկար:
«Աշխատել ենք գրքում ներառել բոլոր մեզ հասու հին ու նոր լուսանկարները, որոնց նայելով, ընթերցողը կկարողանա պատկերացում կազմել իրական Անիի մասին: Գրքում զետեղված են Թորամանյանի, Բունիաթյանի, Մառի աշխատանքները, որոնք նրանք արել էին մինչև մեր հետազոտությունները, ինչպես նաև 2004 թվականից մեր ամեն տարի արված հետազոտությունների արդյունքները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:
Նա նշեց, որ ալբոմում նորություն է նաև այն, որ հատուկ եռաչափ մոդելավորման միջոցով ցույց են տրվում փշրված կոթողները վերականգնված տեսքով: Լուսանկարների մի շարք էլ գրքում կպատմի Նիկողայոս Մառի բացած Աննի թանգարանի պատմությունը, որի հին ու նոր լուսանկարները տեղադրված են կողք-կողքի:
«Ամենաանտեղյակ դիտողն էլ այդ լուսանկարներին նայելով կհասկանա, թե ինչ է այնտեղ կատարվել: Պարզ երևում է, որ թանգարանի հետ վարվել են այնպես, ինչպես Նոր Ջուղայի գերեզմանների հետ, ամեն ինչ ջարդուփշուր է արված ու հատուկ փչացված: Այն մի քանի մասունքներն էլ, որ փրկվել են այնտեղից և պահվում են Երևանի պատմության թանգարանում, Աշխարհաբեկ Քալանթարի ջանքերով է, որ ուղղակի կյանքի գնով է բերել»,- ընդգծեց հուշարձանագետը:










