Լիբանանցի երգիչ Ղասան Ռաղբանին երգ է նվիրել հայերին (տեսանյութ)
Արաբալեզու «Խաբար ալ արմանի» կայքն այսօր ներկայացրել է լիբանանցի հայտնի երգահան, երգիչ Ղասան Ռաղբանիի «Մենք այստեղ ենք ապրում» երգը, որը երգիչը նվիրել է լիբաբանանահայությանը։
Նշենք, որ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում մեծաթիվ հայ համայնք կա։ Վերջին տվյալներով՝ Լիբանանում մոտ 150 հազար հայ է ապրում, որոնց մեծ մասը՝ հենց Բեյրութում։
Ահա թե Լիբանանի հայ համայնքի մասին ինչ է գրում արաբալեզու կայքը. «Երբ Լիբանանի արևելքից Բեյրութ ես մտնում և անցնում Բուրջ Համուտ թաղամասով (հայկական թաղամաս), կարծես ուրիշ աշխարհ ես մուտք գործում։ Որքան էլ լսած և հանդիպած լինես հայերին, նրանց կեցությունը հնարավոր է հասկանալ այդ վայրում, որի բնակչության մեծամասնությունը հայ է, որը սիրում և երազում է մեկ այլ երկրի մասին։ Թաղամասի՝ Հայաստանի շրջանների անունները կրող փողոցներում կան դեղատներ և խանութներ, որոնց վրա հայերեն և արաբերն գրություններ կան. մի բան, որը վկայում է մայրենի լեզվին կառչած լինելու և այն բանի մասին, որ նրանք չեն զղջում Լիբանանում ապրել–մեծանալու համար»։










