Հոլիվուդյան գլամուրի հայ վարպետը
Հեղինակավոր Guardian պարբերականը ծավալուն հոդված է նվիրել Ռեյ Աղայանին: Հոլիվուդյան աստղերի սիրելի դիզայները մահացել է օրերս 83 տարեկան հասակում:
Տարիներ շարունակ հենց նրա աշխատանքներն են ապահովել գլամուրը «Օսկար» մրցանակաբաշխությունների ժամանակ:
Ռեյմոնդ Աղայանի ծնողները պարսկահայեր են` Հայկ և Հասմիկ Աղայաններ: Մայրը Թեհրանում ունեցել է կանանց հագուստների արվեստանոց, 14 տարեկանից զգեստներ է ստեղծել Եգիպտոսի արքայաքրոջ, ապա` պարսից շահի կնոջ համար:
Շուտով Աղայանների ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ: Այստեղ տղան ուղղակի սիրահարվել է Հոլիվուդին: Մայրը լուրջ է վերաբերվել կինոյի հանդեպ որդու կրքին և նրան ուղարկել է սովորելու Կալիֆոռնիայում: Լոս Անջելեսում նա կիսատ է թողնում ուսումը ճարտարապետության ֆակուլտետում և գնում թատրոն: «Ես ներկայացում էի բեմադրում, և պարզվեց, որ դիզայներ վարձելու համար գումար չունենք: Ես որոշեցի ինքս դա անել»,- պատմում էր նա:
Նրա աշխատանքները շատ արագ ճանաչում են ստանում Հոլիվուդում: 50-ականներին նա մտնում է հեռուստատեսություն: Առաջին լուրջ համագործակցությունը հոլիվուդյան աստղ Ջուդի Գառլանդի հետ էր: Գառլանդի հետ աշխատելը դժվար էր, սակայն Աղայանը նրա երկրպագուն էր: «Եթե դու այդքան լավ ես երգում, կարևոր չէ, թե որքան դժվար է քեզ հետ»,- ասում էր նա:
Ավելի ուշ նա զգեստներ է ստեղծել կինոաստղեր Ռաքել Ուելչի, Բարբարա Սթրայզենդի, էլկե Սոմերի, Շերի, Դայանա Ռոսի և այլոց համար: Կարևոր չէ, թե որքան «լյուքս» պետք է լինի զգեստը, Աղայանն ի վիճակի է դա ապահովել` ասում էին նրա ժամանակակիցները:

Որպես զգեստանկարիչ մասնակցել է «Կոկո», «Ծափահարություններ» թատերական բեմադրություններին և «Սիրո արվեստը», «Մեր տղամարդ Ֆլինթը», «Հայր սագը», «Լեդին բլյուզ է երգում», «Գեյլի, Գեյլի», «Ծիծաղելի աղջիկր» և այլ ֆիլմերի:
Արժանացել է հեռուստատեսության ոլորտում շնորհվող «էմմի» բարձրագույն մրցանակի, մի քանի անգամ առաջադրվել է Էմմի մրցանակի, 1984թ. Լոս Անջելեսում կայացած օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունների դիզայներն էր:










