Անհաջող սիրո պատճառով 60 դեղ խմել` չի նշանակում դեղից թունավորվել. Սամվել Զաքարյան

12:54 • 11.11.11

«Մեր միությունը պայմանավորվածություն ունի ՀՀ Առողջապահության նախարարության հետ` դեղատներում և հիվանդանոցներում կեղծ և ժամկետանց դեղերի հայտնաբերման ուղղությամբ մոնիտորինգ անցկացնելու վերաբերյալ, մտահոգիչ ոչինչ չկա, քանի որ համապատասխան օրգանները աշխատանք են տանում` հետապնդելու և հայտնաբերելու դեղերի ոլորտում օրինախախտման դեպքերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: Նրա խոսքով` միությունը մտադիր է ամեն եռամսյակը մեկ ներկայացնել մոնիտորինգի արդյունքները: Ընթացիկ մոնիտորինգի արդյունքները հրապարակվելու են հունվարին:

«Նախ դեղային թունավորում արտահայտությունը շատ ընդգրկուն է, երբ ինչ-որ մեկը անհաջող սիրո պատճառով որոշել է վաթսուն դեղահաբ խմել ու ինքնասպանություն կատարել, կրկին հայտարարում են, որ նրա մոտ դեղային թունավորում է եղել»,- ասաց Սամվել Զաքարյանը հավելելով, որ կեղծ դեղարտադրությունը բացարձակապես քրեական շերտի հետ կապ ունի:

«Ինչ-որ անհատներ կարող են իրենց ավտոտնակում դեղեր արտադրել կամ ինչ-որ դեղատան աշխատող որոշել է դեղի վրայի ժամկետը փոխել, նոր պիտակ կպցնել, դա քրեորեն պատժելի է: Քրեական մյուս ճանապարհը կապված է Վրաստանից պայուսակներով էժան դեղերի ներկրման հետ: Պաշտոնապես Հայաստան ներկրվող դեղերը հնարավոր չէ` կեղծ և անորակ լինեն»,- նշեց Սամվել Զաքարյանը: