Հայ-վրացական համագործակցության արդյունքում ստեղծված Poker.am-ն արդեն կինոթատրոններում է
Կինոթատրոններում արդեն մի քանի օր է հանդիսատեսի հետաքրքրության կենտրոնում նոր հայկական գեղարվեստական ֆիլմն է՝ «Poker.am»-ը, որի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Մանվել Հովսեփյանը: «Poker.am»-ում նկարահանվել են շատ սիրված և հայտնի դերասաններ՝ Հովհաննես Ազոյանը, Լիլի Էլբակյանը, Անի Պետրոսյանը, Արտաշես Ալեքսանյանը, Միշոն և այլք:
Գլխավոր դերակատարներից Միշոն ֆիլմի մասին խոսելիս նշեց, որ իր համար կարևորը սցենարն է.«Կարևորում եմ ֆիլմի սցենարը, որովհետև պետք է հասկանամ, թե այդ ֆիլմում ես ով եմ լինելու: Իսկ «Poker.am»-ում կերպարս ինձ հետ նմանություններ ունի. ես էլ եմ սիրում պոկեր և հումոր»:
Ֆիլմի մոնտաժի ռեժիսոր Մանվել Հովսեփյանի խոսքով էլ՝ այս ֆիլմը մյուս կատակերգություններից տարբերվում է իր ռիթմով.«Սա այն ֆիլմն է, որտեղ փորձել ենք հետաքրքիր նորթյուններ մտցնել, նաև՝ մոնտաժի դեպքում: Իհարկե յուրաքանչյուր էքսպերիմենտ անելուց առաջ մտավախություն ես ունենում՝ արդյոք հանդիսատեսը կընդունի այն, ինչ արել ես: Ուրախ եմ, որ այն նորությունները, որ կան ֆիլմում, հետաքրքրեց հանդիսատեսին»:
Նշենք նաև, որ գեղարվեստական ֆիլմը մեր ժամանակներում հայ-վրացական ֆիլմարտադրողների համագործակցության արդյունքում առաջին աշխատանքն է, որն ընդունվեց ոչ միայն հայ, այլ նաև վրացի հանդիսատեսի կողմից.«Մոնտաժի ժամանակ մի փոքր դժվարություն կար՝ կապված այն տեսարանների հետ, որտեղ վրացերեն են խոսում: Քանի որ այդ լեզուն չգիտեմ, փորձում էի սցենարի հետ խոսքի երկարությունը համեմատելով մոնտաժել: Իհարկե, վերջում ստացվել էր ու երբ վրացի մասնագետները տեսան, մտածեցին վրացերեն գիտեմ ու սկսեցին հետս այդ լեզվով խոսել»:
Նշենք նաև, որ ինչպես տեղեկացանք ֆիլմի պրոդյուսեր Ռուբեն Ջաղինյանից՝ «Poker.am»-ի բյուջեն կազմել է 350.000 դոլար, իսկ գաղափարը՝ նման ֆիլմ ստեղծելու, ծագել է այն ժամանակ, երբ Դավիթ Բաբախանյանը մեկ օրում պոկեր խաղալ է սովորել:










