Եղել են դեպքեր, երբ մարմնավաճառին հետ է պահել տեսուչի պրոֆիլակտիկ զրույցը
Ոստիկանության հասարակական կարգի պահպանության բաժնի աշխատակիցների պարտականությունների մեջ է մտնում ոչ միայն մարմնավաճառների քանակն ու շարժը տեսադաշտում պահելը, այլև ամիսը մեկ անգամ նրանց հետ հանդիպելն ու պրոֆիլակտիկ-բացատրական աշխատանքներ տանելը: Երբեմն էլ, համապատասխան աշխատանքի դեպքում, ոստիկանների միջնորդությամբ՝ մարմնավաճառներին այլ աշխատանք է առաջարկվում:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեցին Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ Արա Սրապյանը և Մաշկաբանության և սեռավարակների բժշկագիտական կենտրոնի պոլիկլինիկայի վարիչ Գուրգեն Փորսուղյանը:
«Ոչ մի պրոֆիլակտիկան չի կարող հարյուր տոկոսանոց արդյունք ապահովել, բայց այո, եղել են դեպքեր, երբ բացատրական աշխատանքները օգնել են»,-ասաց Արա Սրապյանն՝ ի պատասխան հարցի, թե եղե՞լ են դեպքեր, երբ մարմնավաճառները ոստիկանների հետ զրույցում, այսպես ասած, դարձի են եկել:
Ինչ վերաբերում է աշխատանքին, ապա, մեծամասամբ, առաջարկները հենց մարմնավաճառների կողմից մերժվել են:
Բացի այդ, նրանց համար աշխատանք գտնելն էլ հեշտ չէ, քանի որ, ըստ ավագ տեսուչի, հատկապես փողոցում կանգնողներն ունեն ցածր կրթական ցենզ և ոչ այնքան հաճելի արտաքին:
Ոստիկանության կողմից այս տարի հաշվառվել է հայաստանյան 240 մարմնավաճառ: Դինամիկան հիմնականում նույնն է. 2010-ին հաշվառվել է 257, 2011-ին՝ 217 մարմնավաճառ: Իսկ Հայաստանում մարմնավաճառություն երևույթի դինամիկայի մասին կարելի է դատել միայն 2006-ից, երբ Կառավարության որոշմամբ՝ ոստիկանությանը պաշտոնապես տրվեց մարմնավաճառներին հաշվառելու և նրանց հետ կանխարգելիչ աշխատանքներ տանելու իրավասություն:
Հայաստանում մարմնավաճառները, Արա Սրապյանի խոսքով, բաժանվում են երեք խմբի. փողոցում կանգնող աղջիկներ, որոնք ոստիկանության տեսադաշտում են, ակումբներում աշխատող և Հայաստան «հյուրախաղերի եկողներ», որոնք դժվար վերահսկելի են և, այսպես կոչված, էլիտար մարմնավաճառներ:
Հյուրախաղերի, ըստ Արա Սրապյանի, հիմնականում գալիս են Ռուսաստանից և Ուկրաինայից:
Իսկ մարմնավաճառի մատուցած ծառայության գները Հայաստանում տատանվում են 1000 դրամից մինչև 500, 1000 ամերիկյան դոլար: Փողոցում կանգնող աղջիկների միջին՝ տարածված գներն են՝ 5 000 , 10 000, 20 000 դրամ:
«Այս տարի, փառք Աստծո, անչափահաս մարմնավաճառներ չկան, 18-25 տարեկանների տարիքային խումբը կազմում է 20 տոկոս, 35-45 տարեկաններինը՝ 28 , իսկ 45 տարեկանից բարձրներինը՝ 3 տոկոս»,- ասաց Արա Սրապյանը` հավելելով, որ մարմնավաճառների մեծ մասը ամուսնալուծված կանայք են, սակայն կան, որ ունեն ամուսիններ:
«Աստված ամուսին համարի, քանի որ նրանցից ոմանք հենց իրենք են կանանց դրդում զբաղվել մարմնավաճառությամբ»,- նկատեց Գուրգեն Փորսուղյանը:
Պարզվում է, որ Հայաստանում կան նաև տղամարդ մարմնավաճառներ, որոնք ծառայություններ են մատուցում ոչ թե տղամարդկանց, այլ կանանց:
«Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքով՝ առաջին անգամ մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ «բռնեցված» անձը տուգանվում է 20, իսկ երկրորդ անգամ՝ 40 հազար դրամ:
Նախկինում տուգանքի չափը կազմում էր 1000 դրամ: Արա Սրապյանի մասնագիտական տեսակետն այն է, որ օրենսդրորեն կարգավորումը պետք է առաջին հերթին նպաստի պահանջարկի նվազեցմանը: Զուգահեռաբար քրեականացվել է կավատությունը։
Եվ վերջապես, ի պատասխան հարցի, թե մարմնավաճառությունը սոցիալական հետևա՞նք է, թե հոգեվիճակ, Ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պրոֆիլակտիկ բաժնի հատուկ-կարևոր հանձնարարություններով տեսուչը կարծիք հայտնեց, թե երկուսի համադրումն է, սակայնև՝ հավելեց, որ չի հանդիպել որևէ մարմնավաճառի, որը այլ նորմալ աշխատանք ունենալու դեպքում գերադասի զբաղվել մարմնավաճառությամբ:










