Ինսուլին ստացել են միայն ներարկելու համար, հաբեր՝ ոչ. նախարարությունը հերքում է դեղի պակասի մասին լուրերը

08:37 • 08.02.13

Առողջապահության նախարարությունից հերքում են, թե շաքարախտով հիվանդները ստիպված գնում են իրենց դեղերը, քանի որ ամիսներով չեն ստանում իրենց հասանելիք դեղերը:


Tert.am- ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանն ի պատասխան հիշեցրեց, որ նախարարությունը մոտ մեկ շաբաթ առաջ իր պաշտոնական կայքում տեղեկացրել է, որ 2013թ. պետության կարիքների համար անհրաժեշտ ինսուլինի առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:


«Հաշվի առնելով շաքարային դիաբետով տառապող հիվանդներին ինսուլինով ապահովելու անհետաձգելի պահանջի բավարարման անհրաժեշտությունը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով հաստատվել է ինսուլինային սրվակների բաշխացուցակը և հանձնարարվել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնին ու Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին` մրցույթի արդյունքների հիման վրա ընդունել և 1-2-օրյա ժամկետում ինսուլինային սրվակները բաշխել Երևանի և ՀՀ մարզերի բժշկական հաստատություններին»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:


Նաև նշվում է, որ անհրաժեշտ դեղամիջոցը հիվանդներին հնարավորինս արագ հասցնելու նպատակով Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը կաշխատի նաև շաբաթ և կիրակի օրերին:


Նախարարությունը նաև ներողություն էր խնդրել շահառուներից` տեղեկացնելով, որ վերջին շրջանում ինսուլինի բաշխման, ըստ իրենց, կարճաժամկետ ընդհատումը կապված էր պետության կարիքների համար 2013թ. ինսուլինի գնման գործընթացների հետ։


Մինչդեռ «Ժողովուրդ» թերթին հաղորդավար Արտավազդ Եղոյանը հայտնել էր, որ ինչ Առողջապահության նախարարը փոխվեց` արդեն 3-րդ անգամն է, որ դիաբետիկներին մի քանի ամսով դեղ չեն տալիս ու ավելացրել. «Այսօրվա դրությամբ հարգարժան Դերոն շաքարախտով հիվանդների դեղերի գների բարձրացումով է զբաղված: Այդ էլ այն դեպքում, երբ պետք է անվճար հատկացնի»:

Ի պատասխան, Անահիտ Հայթայանը ասաց , որ հաղորդավարը, ըստ երևույթին, թերթի հետ զրույցում խոսել է նախորդ ժամանակահատվածի մասին, ապա հնարավոր համարեց, որ ինչ-որ տեղերում ինսուլին դեռ ստացած չլինեն:


Tert.am -ի հետ զրույցում հաղորդավարը բարկացած նկատեց, թե սուտ է ու ավելացրեց, որ դեղեր ստանալու դեպքում իր բժշկուհին իրեն զանգահարած կլիներ ու կտեղեկացներ այդ մասին:


Քիչ հետո Արտավազդ Եղոյանը զանգահարեց խմբագրություն և հայտնեց, որ խոսել է բժկուհու հետ, ով իրեն ասել է, որ ստացել են միայն սրսկման համար նախատեսված ինսուլին, բայց դեղահաբերով՝ ոչ:


«Սրսկվողներն ավելի ստաբիլ վիճակում են, բայց մենք, որ տառապում ենք այս հիվանդության երկրորդ տեսակով, պետք է բուժում ստանանք դեղահաբերով: Որ ժամը խախտեցինք, սկսում ենք ընկնել կոլապսի մեջ: Խայտառակ վիճակ է»,- ասաց Արտավազդ Եղոյանը:


Վերջինիս խոսքով՝ տասը դեղահաբն այս կարգի դիաբետիկին հերիքում է հինգ օր և այլ զուգակցված դեղերի հետ միասին արժենում մոտ 2400 դրամ: Մեկ ամսվա համար դա կազմում է մոտ 15000 հազար դրամ, չհաշված սրտի և մյուս դեղերը և «հազար այլ բան»:


Կենտրոն համայնքի մի մասը սպասարկող Երևանի N1 պոլիկլինիկայի գործադիր տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը Tert.am-ին վստահեցրեց, թե պոլիկլինիկայում այս ամիս հաշվառված 391 շաքարային դիաբետով հիվանդներին սպասարկելու առումով խնդիր չունեն, քանի որ անցած շաբաթ ինսուլինի հաբերի նոր խմբաքանակ են ստացել: Իսկ հիվանդներն էլ իրենց դեղորայքի սպառումից մեկ օր առաջ դիմում են և ստանում դեղորայքը:


«Ներկա դրությամբ մենք կենտրոնի մի մասն ենք սպասարկում, 16.750 բնակիչ ունենք, հաբերով ենք ապահովված, կարող է ինչ-որ դեղամիջոց չլինի, բայց փոխարինողն, անպայման, ունենում ենք, մեր տարածքում հիվանդների բավարարման առումով խնդիր չունենք»,- ասաց բժշկուհին:


Նրա խոսքով՝ եթե տեսնեն դեղորայքը չի բավականացնում, գնում կկատարեն մինչև հաջորդ խմբաքանակի ստացումը: