Կապույտ կարիճի թույն. հայ բժիշկը պնդում է, որ այն կարող է բուժել քաղցկեղը
Հայազգի բժիշկ Արթուր Միքայելյանի Medolife ընկերությունը, որը գործում է Դոմինիկյան Հանրապետությունում, հանդես է եկել վիճահարույց հայտարարությամբ, ըստ որի իրենք կարիճի թույնից ստեղծել են քաղցկեղի դեմ պայքարող դեղամիջոց, տեղեկացնում է ABC-ին՝ հավելելով, որ որոշ ամերիկացի ուռուցքաբաններ նոր դեղամիջոցի հետ հույսեր չեն կապում։
Նյութում նշվում է, որ ՌԴ-ից ներգաղթյալ Միքայելյանի ընկերությունը ստեղծել է Escozine կոչվող դեղը, որի միակ ակտիվ բաղադրիչը կապույտ կարիճի թույնն է։ Medolife-ի ներկայացուցիչները նշել են, որ Escozine-ն արդյունավետ է քաղցկեղի դեմ պայքարում, քանի որ կապույտ կարիճի թույնում եղած քլորոտոքսին նյութը սպանում է քաղցկեղով հիվանդ բջիջները։
Թեև այս դեղամիջոցը պաշտոնապես չի գրանցել ԱՄՆ-ի սննդի ու դեղամիջոցների վարչությունը, այնուհանդերձ հազարավոր հուսահատ ամերիկացիներ փորձում են պայքարել քաղցկեղի դեմ հենց Escozine-ի միջոցով։ Նրանցից մեկը՝ Փեգի Հոուն, պատմել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են 4-րդ աստիճանի քաղցկեղ ու կանխատեսել են, որ նրան մնացել է ապրելու ընդամենը 2 ամիս։ Սակայն կինը Medolife-ի կայքի միջոցով պատվիրել է այս դեղն ու կես տարի հետո քաղցկեղը նահանջել է։
Միքայելյանն ու նրա գործընկեր Սեբաստյան Սերել Ուոթսը Escozine-ին վերագրում են հրաշագործ հատկություններ։ Նրանց խոսքերով՝ դեղամիջոցը բացի քաղցկեղից կարող է պայքարել նաև ՄԻԱՎ վարակների, հեպատիտի ու տղամարդկանց իմպոտենցիայի դեմ։
Միքայելյանը նշել է, որ դեղամիջոցը փորձարկվել է 8.302 հիվանդի շրջանում ու դեպքերի 90%-ում դրական արդյունք է տվել։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Escozine-ը դեռևս փորձարկման կարիք ունի։
Escozine-ի մեկ սրվակն արժե 700 դոլար, այն բավականացնում է 1 ամսվա օգտագործման համար։










