Աբխազիայի` ԵՏՄ-ին անդամակցելը կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Աբխազիան. Աղասի Ենոքյան
«Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի» տնօրեն Աղասի Ենոքյանը գտնում է, որ Աբխազիայի՝ ԵՏՄ-ին անդամակցելը կնշանակի, որ Հայաստանը ճանաչում է Աբխազիան: «Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաը, Աբխազիան ինչո՞ւ է ճանաչում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նա նշեց, որ այդ քայլով Հայաստանը կանցնի այն երկրների շարքը, որոնք գնացել են այդ ռիսկին կամ ռուսական սպառնալիքի ներքո ճանաչել են Աբխազիայի անկախությունը: Քաղաքագետն ասաց, որ Աբխազիայի՝ ԵՏՄ անդամ դառնալը նշանակում է, որ ԵՏՄ անդամ մյուս երկրները` Ղազախստանը և Բելառուսը ևս ճանաչում են այն, սակայն չի կարծում, որ դա իրականություն կդառնա:
«Ռուսաստանը ճանաչել է Աբխազիան, բայց չի ճանաչել Արցախը, ԵՏՄ-ն էլ Ռուսաստանի կողմից ստեղծված և իր կողմից կառավարվող կառույց է, ինքն է որոշողը»,-ասաց Աղասի Ենոքյանը և նշեց, որ չնայած դրան՝ մենք կարող ենք ընդհանրապես այդ հարցը օրակարգից հանել, որովհետև ԵՏՄ անդամ երկրները չեն ճանաչել այդ երկիրը: «Անհասկանալի է չճանաչված տարածքի անդամակցությունը ԵՏՄ-ին»,-ասաց նա և նշեց, որ այդ հարցում Ռուսաստանը եթե ոչ Հայաստանի, ապա Բելառուսի և Ղազախստանի հետ հաշվի կնստի:










