«Բիլայնը» և «Ղ-տելեկոմը» բանակցում են նոր պայմանագրի շուրջ. «Ո՛չ ռոումինգին» բոյկոտ-ակցիան արդյունք տվեց
Հայաստանի և Արցախի բջջային օպերատորներ «Բիլայնը» և «Ղ-տելեկոմը» արդեն բանակցություններ են սկսել Արցախի և Հայաստանի միջև ռոումինգի վերացման ուղղությամբ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, ով նախաձեռնել էր «Ո՛չ ռոումինգին» բոյկոտ-ակցիան:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ Արշակ Զաքարյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 1-ին անցկացվելու է «Ո՛չ ռոումինգին» բոյկոտ-ակցիան, որի նպատակն էր՝ վերացնել Հայաստանի և Արցախի միջև ռոումինգը, որպեսզի բջջային 4 օպերատորն էլ գործեն ինչպես Հայաստանի, այնպես էլ՝ Արցախի ողջ տարածքում։
«Ակցիան արդեն տեղի է ունեցել: Արդյունքները միանգամից չեն երևա, բայց որ այդ երկու օպերատորն սկսել են բանակցել նոր պայմանագրի շուրջ, դա արդեն արդյունք է: Մինչև դեկտեմբերի 15-ը հնարավոր է, որ նոր արդյունքներ լինեն: Ըստ այդմ՝ կորոշվի մեր հետագա անելիքները»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ակցիային մասնակցությանը, Արշակ Զաքարյանը նշեց, որ հստակ ցուցանիշներ չկան, բայց, ելնելով արձագանքներից, հաստատ 15 000 մարդ մասնակցել է. «Ինձ Արցախից էլ են զանգել ու ասել, որ մասնակցել են, զանգել են տարբեր շրջաններից»:
Ակցիայի նախաձեռնողը նաև նշեց, որ իրենք սպասում են հստակ լուծումների, հակառակ դեպքում պատրաստ են ավելի հզոր միջոցների դիմել:










