Պետք է դադարեցնել բանակցությունները և պահանջել Մինսկի խմբից՝ օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. քաղաքագետ

13:29 • 08.01.15

Հայ-ադրբեջանական սահմանին տարեմուտից սկսված լարվածությունը քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում պայմանավորեց մի շարք պատճառերով, այդ թվում՝ 2015-ին Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների հետևանքները և ՀՀ-ի ԵՏՄ անդամակցությունից հետո ստեղծված նոր իրավիճակը չեզոքացնելու նկատառումներով: Նա գտնում է, որ այս պայմաններում պետք է դադարեցնել բանակցությունները, քանի դեռ անվտանգության մինիմալ պայմաններ ապահովված չեն:


-Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին՝ շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ. հունվարի 1-ից առ այսօր՝ միայն  4 զոհ հայկական զինուժի կողմից, և  հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5 հազար 500 կրակոց: Ձեր գնահատմամբ ի՞նչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը՝ Նոր տարուց  պետական սահմանը լարված պահելով:


-Ես համոզված եմ, որ խնդիրը մեկը չէ, դրանք բազում են, և Ադրբեջանը փորձում է մեկ նման սադրանքի միջոցով դրանք լուծել: Առաջին. տարեմուտի նման ակտիվությունը հենց մեսիջ է այն մասին, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը որևէ քաղաքական իրավիճակ հայ-ադրբեջանական հարաբերություններում չի փոխում, և պաշտոնական Բաքուն փորձում է  այդ սադրանքները սովորական մակարդակի բերել արդեն, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Չմոռանանք, որ անդամակցությունից առաջ շատ էր խոսվում այն մասին, որ միջազգային այդ կառույցին միանալով՝ Հայաստանը անվտանգության նոր գործիքներ է ձեռք բերում, և պաշտոնական Բաքուն փորձում է գոնե ընկալումների մակարդակում չեզոքացնել այդ գործիքների ազդեցությունը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենա շարունակելու իր՝ խաղաղությունը վաճառելու քաղաքականությունը՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ տարածաշրջանում կարևոր գործոն է հենց Ադրբեջանը, և դրանով է պայմանավորված, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Հարավային Կովկասում: Երկրորդ խնդիրը, որն ուզում են լուծել, վերաբերում է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, և այստեղ Ադրբեջանը և Թուրքիան հանդես են գալիս միասնական քաղաքականությամբ: Այսինքն՝ ադրբեջանա-թուրքական դաշինքը նման գործողություններով քաղաքական այլ առաջնահերթություն է ձևավորում Հարավային Կովկասում, քան Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, փորձում է միջազգային հանրությանը ուշադրությունը շեղել ավելի արդիական՝ կենսական խնդիրների վրա՝ փորձելով ինչ-որ կերպ հաղթահարել այդ միջոցառումների բացասական ազդեցությունը  Թուրքիայի քաղաքականության վրա: Իհարկե, կան նաև ներքին խնդիրներ, որոնք կապված են Ադրբեջանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, որովհետև որքան էլ պաշտոնական Բաքուն գովերգի իր տնտեսությունը, փաստերը ցույց են տալիս, որ սոցիալական իրավիճակը ծանր է, և նավթի գների անկումով ավելի ու ավելի է դժվարանում հասարակության դժգոհություններին ինչ-որ տրամաբանական բացատրություն տալ:


Չմոռանանք, որ ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հրապարակում են նյութեր այն մասին, որ բողոքի ալիք է բարձրացել և մարդիկ պահանջում էին կենսաապահովման նվազագույն պայմաններ: Եվ իրավիճակը լարված պահելով՝ Ադրբեջանը փորձում է այդ բոլոր դժվարությունները բարդել Հայաստանի և Արցախի հետ չկարգավորված հակամարտության վրա: Այլ պատճառներ ևս կան, և այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը բազմաթիվ նպատակներ է հետապնդում:


-Եթե «սեպտեմբերի 3»-ի որոշումը ժամանակին  դիտարկվում էր Հայաստանի անվտանգության երաշխիքների համատեքստում, բայց փաստորեն հենց անվտանգության առումով՝ մեր ԵՏՄ անդամակցությամբ  նոր մարտահրավերներ են առաջանում: Դուք սա՞ նկատի ունեիք:

-Ես չէի ասի, որ սա նոր մարտահրավերներ է առաջացնում և ես համոզված եմ, որ ԵՏՄ-ն անվտանգության նոր մակարդակ է ապահովում Հայաստանի համար։ Պարզ է, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսումը լուրջ սպառնալիք է ոչ միայն Հայաստանի տնտեսությանը, այլև Եվրասիական միության անդամ պետությունների տնտեսություններին: Եվ որպես սպառնալիք դիտարկելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունները պետք է շահագրգռված լինեն լայնամասշտաբ պատերազմի չվերսկսման մեջ։ Համոզված եմ, որ վտանգի՝ ավելի մեծ լինելու պարագայում նրանք կփորձեն ազդել Ադրբեջանի վրա և կփորձեն ամեն ինչ անել, որպեսզի գոնե նման վտանգներ ԵՏՄ-ին զուտ տնտեսական մակարդակով չլինեն: Եվ ես համոզված եմ, որ այս փուլում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման վտանգ չկա, չնայած ԵՏՄ ուշադրությունը հրավիրված չէ այս փուլում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա: Ես համոզված եմ, որ Ադրբեջանը գիտակցում է հնարավոր հետևանքների մասին, և կա մի սահման, որը նա չի կարող անցնել: Ադրբեջանն այսօր փորձում է մինիմալ խնդիր լուծել:


-Փաստորեն, ասացիք, որ  Ադրբեջանը նաև հետախուզական նպատակներ ունի:  Ավելի կոնկրետ՝ իրավիճակի ճշգրտում, թե ինչ է փոխվել, կամ՝ ինչ չի փոխվել ԵՏՄ-ին անդամակցությունից հետո: Այս պայմաններում ի՞նչ նոր բան պետք է Հայաստանը և ինչ նոր բան՝ Ռուսաստանը՝ որպես արդեն նաև ԵՏՄ շրջանակներում  Հայաստանի գործընկեր:


-Ռուսաստանի պարտավորություններն այստեղ պայմանավորված են ոչ թե ԵՏՄ-ի հետ գործակցությամբ, այլ մեկ այլ կառույցում՝ ՀԱՊԿ-ում  դաշնակից լինելու հանգամանքով: Այսինքն՝ մենք պետք է պահանջենք, որ մեր դաշնակիցներն ավելի հետևողական լինեն և գոնե քաղաքական ճնշման միջոցով փորձեն նվազեցնել սպառնալիքների այն աստիճանը, որը այսօր բխում է Ադրբեջանից՝ ընդդեմ հայկական պետությունների:  Հայաստանի գործողությունների առումով համոզված եմ, որ այստեղ կտրուկ գործողություններ են պետք, պետք է գոնե քաղաքական դաշտում նախաձեռնությունը վերցնել մեր ձեռքը: Խոսքս, առաջին հերթին վերաբերում է բանակցային գործընթացի դադարեցմանը: Հայաստանը պետք է պահանջներ դնի բանակցությունները շարունակելու համար և դրանք պետք է վերաբերեն առաջին հերթին անվտանգության նվազագույն մակարդակի պահպանմանը. դիպուկահարների հեռացում սահմանամերձ գոտուց, սահմանային միջադեպերի մոնիտորինգի խմբերի ձևավորում: Մինչև այս պայմանների կատարումը Հայաստանը պետք է դադարեցնի բանակցային գործընթացը և միջազգային հանրությունից, հատկապես Մինսկի խմբից պահանջի օգտագործել իրենց ողջ ազդեցությունը՝ Ադրբեջանին իր ագրեսիվ քաղաքականությունից հետ պահելու համար:

Պետք է դադարեցնել բանակցությունները և պահանջել Մինսկի խմբից՝ օգտագործել իր ազդեցությունը Ադրբեջանի վրա. քաղաքագետ