ՎիվաՍել-ՄՏՍ-ը սարքավորումներ է տրամադրել Էջմիածնի ծննդատանը (լուսանկարներ)

16:39 • 19.01.15

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «BirthLink» ՀԿ-ի տնօրեն Քեթի Մելորն այսօր այցելել են Էջմիածին քաղաքի կենտրոնական հիվանդանոցի ծննդատուն:


Ծննդատանը տրամադրվել են վաղահաս ծնված և առողջական խնդիրներով երեխաների խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներ՝ վերակենդանացման սարք, տաքացուցիչ, ռեսպիրատոր թերապիայի համակարգ, ինչպես նաև երակային ներարկման պոմպ: Տրամադրված բուժսարքավորումների և սարքերի միջոցով հնարավոր կլինի պատշաճ բուժօգնություն ցուցաբերել առողջական խնդիրներ ունեցող և ոչ բավարար քաշով ծնված երեխաներին՝ ապահովելով առողջական վիճակի կայունացում նախքան Երևանի կամ մարզային բուժկենտրոններ տեղափոխելը:

 

Որոշ դեպքերում անհրաժեշտ բուժսարքավորումների առկայության շնորհիվ կարող է վերանալ տեղափոխման անհրաժեշտությունը:


«Ամենավհատեցնող զգացմունքները հուսահատությունն ու անզորությունն են, հատկապես երբ դա երեխայի կյանքին և առողջությանն է վերաբերում: Դժվար պահերին, երբ երեխայի կյանքը վտանգված է, կարևոր է իմանալ, որ կա վայր, որտեղ փորձառու բժշկական անձնակազմը հոգ կտանի առողջական խնդիրներ ունեցող երեխայի մասին՝ նորածնի կյանքը փրկելու համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած բաժանմունքում: Մենք ցանկանում ենք, որ ծնողները զգան, որ իրենք միայնակ չեն դժվարությունների առջև»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից իրագործվող ծրագիրն առանձնահատուկ կարևորություն է տալիս նորածնի կյանքի առաջին օրվա ընթացքում ցուցաբերվող բուժօգնությանը՝ ձգտելով բոլոր ծննդատներն ապահովել անհրաժեշտ սարքավորումներով և վերապատրաստված մասնագետներով՝ առողջական խնդիրներով ծնված երեխաների մահացության ցուցանիշի կրճատման համար: Բուժսարքավորման տրամադրմանը զուգահեռ շարունակվում է բուժանձնակազմի վերապատրաստումն ու աջակցությունը:


Այս տարի լրանում է «BirthLink» ՀԿ-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ վաղածին երեխաների խնամքի բարելավմանը և նորածնային մահացության ցուցանիշի կրճատմանն ուղղված համագործակցության յոթերորդ տարին: Ծրագիրը մեկնարկել է 2008 թ.-ին և մինչ այժմ ընդգրկել է Երևանի տասներկու և Հայաստանի յոթ մարզերի քսաներեք նորածնային բաժանմունք: Ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է մոտ 535 միլիոն դրամ:


Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ղեկավարվող «Յուրաքանչյուր նորածին» («Every newborn») գործողության ծրագրի համաձայն՝ տարեկան հնարավոր է 3 միլիոն նորածինների և մայրերի կյանք փրկել՝ ներդրում կատարելով նախածննդային հսկողության և առողջական խնդիրներ ունեցող երեխաների խնամքի բարելավման ոլորտում:


Նորածնային մահացության դեպքերի 80%-ը հնարավոր է կանխել, մասնավորապես՝ վաղաժամ ծնվելու և վարակների հետևանքով առաջացած բարդությունների հեռացման ճանապարհով: Նորածնային խնամքի բարելավումը կարող է բազմաթիվ կյանքեր փրկել, բայց դրա համար անհրաժեշտ է ապահովել նաև մասնագետների վերապատրաստում և վերազինել նորածնային բաժանմունքները ժամանակակից բուժսարքավորումներով: