Մենք «Պոլիտեխնիկում» կվերականգնենք բարձրագույն կրթական հաստատությանը հարիր բարոյական մթնոլորտը. Արմեն Աշոտյան

12:43 • 27.05.15

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում և Հայաստանի պետական  ճարտարագիտական  համալսարանում (Պոլիտեխնիկ) ռեկտորների ընտրություններին, մասնավորապես, «Պոլիտեխնիկում» առկա մրցակցությանը, ասում է, որ այն շատ բնական է համարում՝  «հաշվի առնելով ժամանակավոր վարչակազմի, մեղմ ասած, ոչ միանշանակ  քաղաքականությունն ու ղեկավարումը, ինչի հետևանքով բուհը հայտնվել է  սկանդալային  պատմությունների էպիկենտրոնում»:


- Պարո՛ն Աշոտյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ ԵՊՀ-ում և ԵՊԲՀ-ում ռեկտորների թափուր պաշտոնների մրցույթին դիմել է մեկական հոգի, ի դեմս գործող ռեկտորների, իսկ «Պոլիտեխնիկում» ունենք արդեն երկու թեկնածու:


- Ընդհանուր առմամբ մեկից ավելի թեկնածուների առկայությունը վկայում է այն մասին, որ բուհերի ընտրությունները մրցակցային կարող են լինել միշտ: Ուրիշ հարց է, որ պետական համալսարանում և բժշկականում գործող ղեկավարները, անկախ առկա խնդիրներից, արդյունավետ աշխատելով, փաստացի դիտվում են որպես գալիք հինգ տարին ևս բուհերը առաջ տանող հիմնական թեկնածուներ: Սակայն «Պոլիտեխնիկում» մրցակցության ի հայտ գալը շատ բնական եմ համարում՝ հաշվի առնելով ժամանակավոր վարչակազմի, մեղմ ասած, ոչ միանշանակ քաղաքականությունն ու ղեկավարումը, ինչի հետևանքով բուհը հայտնվել է սկանդալային պատմությունների էպիկենտրոնում: Այդ տեսակետից հրամայական է, որ գալիք ընտրությունների արդյունքում վերականգնվի բուհի բարի համբավը, ակադեմիական հաստատությանը հարիր բարոյահոգեբանական մթնոլորտը:


- Ինչ եք կարծում, արդյո՞ք Ոստանիկ Մարուխյանի պարագայում դեր է խաղում իր դաշնակցական լինելը:


- Ոստանիկ Մարուխյանը եղել է «Պոլիտեխնիկի» ռեկտոր, ես` որպես նախարար, աշխատել եմ իր հետ և պետք է ասեմ, որ կուսակցականության ոչ մի նշույլ չի եղել իր պաշտոնավարման ընթացքում: Եթե այդպես նայեք հարցին, ապա հիշեք նաև,որ Հ. Թոքմաջյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է: Ռեկտորի գալիք ընտրությունների վրա ոչ մի ազդեցություն չի ունենալու ոչ մի թեկնածուի շաղկապվածությունն այս կամ այն քաղաքական ուժին: Մենք ընտրելու ենք` ելնելով բացառապես բուհի շահերից և պետական կրթական քաղաքականության արդյունավետ իրականացման տեսակետից:


 - Ինչպե՞ս եք քվեարկելու Դուք:


 - ՀՀ ԿԳՆ-ին օրենքով հատկացված է 8 տեղ, ինչպես  մնացած շահառուներին`  ՀՀ կառավարություն, դասախոսներ, ուսանողներ: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, որն, իհարկե, համահունչ է և համաձայնեցված է նաև ՀՀ կառավարության մոտեցումների հետ: Վստահ եմ, ընտրություններից հետո մենք «Պոլիտեխնիկում» կվերականգնենք բարձրագույն կրթական հաստատությանը հարիր բարոյական մթնոլորտը և ակադեմիական ազատություններ: