Մեքենան ներխուժած գողն օգնել է ամերիկացի զույգին՝ միլիոն դոլար շահել վիճակախաղով
Ամերիկյան Սիեթլ քաղաքում (Վաշինգտոն նահանգ) կողոպտիչը, ով ներխուժել էր մեքենայի մեջ, օգնել է մեքենայի տերերին՝ միլիոն դոլար շահել: Կողոպուտի շնորհիվ ամերիկյան զույգը գտել է իրենց կորցրած վիճակախաղի հաջողակ տոմսը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` NBC News-ին հղումով, վիճակախաղի ջեքփոթը կազմել էր 350 մլն դոլար:
Մեքենան ներխուժած կողոպտիչը վարորդի նստելատեղի գլխավերում գտնվող մասից գողացել էր արևային ակնոցը, որի ետևում էլ երկար ժամանակ գտնվում էր հաջողակ տոմսը, որը չի գրավել չարագործի ուշադրությունը:
Ամուսինները, ովքեր վիճակախաղի կազմակերպիչներին խնդրել են չբացահայտել իրենց անուններն ու տարիքը, տոմսը ձեռք էին բերել դեռևս փետրվարին, սակայն մոռացել էին, թե ուր են դրել: Նրանք մտադիր են շահումը ծախսել Ֆրանսիա և Իսլանդիա ճամփորդության համար, ինչպես նաև՝ վերանորոգել տունը:










