Զբոսաշրջիկի երազանքը. Սլովակիայում շարժական էկո-տուն են ստեղծել

23:24 • 28.05.15

Սլովակյան ճարտարապետական գործակալությունը էներգիայի կառավարման տեսանկյունից ամբողջությամբ ինքնավար, տեղաշարժվող տուն է ստեղծել:


Ինչպես գրում է Euromag-ը` ճարտարապետական գործակալությունը շարժական  էկո-պարկուճ է մշակել: Էկոլոգիական կացարանի նոր կոնցեպտը պաշտոնապես կներկայացվի Վիեննայում` մայիսի 28-29-ը:


Արտաքինից էկո-տունը մետաղական ձու է հիշեցնում: Ծրագրավորողների խոսքով` ֆուտուրիստական տեսք ունեցող այս շարժական տունը կօգնի զբոսաշրջիկներին՝ նորովի կազմակերպել իրենց շրջագայությունը:


Էկո-պարկուճը համալրված է քամու ուղղությամբ աշխատող  տուրբինային համակարգով  և արևային վահանակներով, ինչի շնորհիվ էլ իր համար սեփական էներգիա է արտադրում:  Եղանակային անբարենպաստ պայմանների համար նախատեսված է էներգիայի  կուտակման և պաշարների կիրառման համակարգը անհրաժեշտության դեպքում: Տանը ներկառուցված է նաև անձրևաջրերի և եղյամի հավաքման համակարգը:


Երկու անձի համար նախատեսված տունն  ունի ժամանակակից կացարանի ամեն հարմարությունը` ցնցուղով լոգարան, զուգարան, փոքրիկ խոհանոց, գրասեղան:


Էկո-տունը վաճառքի կհանվի արդեն հաջորդ տարի, սակայն գնի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:
 

 

Զբոսաշրջիկի երազանքը. Սլովակիայում շարժական էկո-տուն են ստեղծել