Երևանում անցկացվում է «ԲարՔեմփ Երևան-2015»-ը
Երևանում արդեն յոթերորդ տարին անընդմեջ անցկացվում է «ԲարՔեմփ Երևան» միջոցառումը, որին մասնակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիաոլորտի ներկայացուցիչներ։
«Սովորաբար «ԲարՔեմփ» են անվանում տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։ Չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցնում է ոչ ֆորմալ մթնոլորտում, ինչը ապահովում է բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում»,-ասաց «ԲարՔեմփ Երևան-2015»-ի համակազմակերպիչ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, նշելով, որ «Բարքեմփ Երևան-2015»-ին տեղի կունենան տեխնիկական, ծրագրավորման հետ կապված դասընթացներ (workshop), որոնք հետաքրքիր կլինեն մասնագետներին։
«Բարքեմփ Երևան 2015»¬ը բացառություն չի լինի և այս տարի էլ չկոնֆերանսին կհյուրընկալվեն արտասահմանյան հայտնի տեխնոլոգներ, մեդիա ոլորտի ներկայացուցիչներ:
«Սրա ձևաչափը հետաքրքիր է նաև նրանով, որ նույնիսկ դպրոցականը կարող է գալ և ելույթ ունենալ և հաջողած բիզնեսմենը նրան լսի, կամ հակառակը: Հյուրերի թվում է հանրահայտ Meduza.io լրատվականի խմբագրերից Ալեքսանդր Պոլիվանովը, «Дождь» հեռուստաընկերության ինտերնետային հեռարձակման բաժնի ղեկավար Ելենա Կիրյուշինան»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ միաժամանակ նշելով, որ այս տարի մասնակիցների մեծ թիվն աննախադեպ է: Նախորդ տարի «ԲարՔեմփ»–ին մասնակցություն են ունեցել 1800 հոգի, դրանից առաջ՝ 1200:
Media.am կայքի պրոդյուսեր Գեղամ Վարդանյանը, ով «ԲարՔեմփ»–ի համակազմակերպիչ է, ասաց, թե միջոցառումը միավորում է տարբեր լսարանների, ովքեր հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, մեդիա ոլորտի զարգացումներով:
«Սա ավելի շատ կրթական միջոցառում է, այստեղ մարդիկ են, ովքեր փորձում են մեկ օրվա ընթացքում նոր գիտելիքներ ստանալ, ինչպես նաև կիսել այդ գիտելիքները»,- ասաց Գեղամ Վարդանյանը՝ նշելով, որ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է:
«Երբ 2009 թվականին առաջին անգամ հավաքվեցինք, 200-300 հոգի էինք, իսկ այս տարի արդեն 2000 հոգի գրանցվել է մասնակցության համար»,-ասաց նա՝ ավելացնելով, որ նաև մեդիաոլորտի, անվտանգության, ստարտափներին վերաբերող աշխատանքային դասընթացներ են անցկացվում։

















