«ԲարՔեմփ Երևան»-ը շատ հետաքրքիր հարթակ է, որտեղ մասնագետների և նաև սկսնակների միջև փորձի փոխանակում է տեղի ունենում. մասնակից (լուսանկարներ)
«ԲարՔեմփ Երևան-2015»-ին ներկայացրած իմ թեման վերաբերում է այն հարթակի անվտանգության ապահովմանը, որն իր հերթին ապահովելու է դրանում աշխատող կայքերի անվտանգությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» ցանցային ադմինիստրատոր Հասմիկ Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին և 31-ին Երևանում անցկացվում է «ԲարՔեմփ Երևան-2015»-ը, որը Երևանում անցկացվում է յոթերորդ տարին անընդմեջ։
Հասմիկ Ալավերդյանը նշեց, որ ինքը ներկայացրել է քայլերի համախումբ, որոնք վերաբերում են տեխնիկական միջոցներին, թե ինչ քայլեր պետք է անի տվյալ համակարգի ադմինիստրատորը, որպեսզի այդ համակարգում աշխատող կայքերը լինեն մաքսիմալ պաշտպանված և նրանց աշխատանքը լինի անխափան։
Հարցին, թե ինչպես եք գնահատում մեր կայքերի անվտանգության ապահովումը, և հակառակորդ երկրների կողմից դրանք կոտրելու փորձերը, նա ասաց. «Բնականաբար որքան շատ են կոտրելու տենդեցները, այնքան տեխնիկական ապահովումը իրականացնող մասնագետներին դրդում են լինել ավելի զգոն։ Այդ կոտրելն էլ է հետաքրքիր փորձ, թեև վատ երևույթ է, երբ հարևան երկրի հակերները անընդհատ հաջող կամ անհաջող փորձեր են անում կոտրելու։ Սակայն այդ հաջող փորձերն էլ են մեր մասնագետների համար հետաքրքիր հենք, որպեսզի նրանք կարողանան անվտանգության մեխանիզմներն ավելի ճիշտ կազմակերպել»։
Հասմիկ Ալավերդյանը նշեց, որ այսօրվա մեր կայքերն ավելի պաշտպանված են, քան նույնիսկ երկու տարի առաջ էր։ «Սակայն անվտանգությունն այն ոլորտն է, որի հետ կապված կան անելիքներ և չկա 100 տոկոսանոց պաշտպանվածություն։ Որքան զարգանում են տեխնոլոգիաները, այնքան զարգանում է դրանց շրջանցելու մեթոդները և միջոցները»,- ասաց նա։
Ադմինիստրատորի գնահատմամբ՝«ԲարՔեմփ Երևան»-ը շատ հետաքրքիր հարթակ է, որտեղ հավաքվում են ոլորտի ոչ միայն մասնագետները, այլ նաև սկսնակները և փորձի փոխանակում է տեղի ունենում։ «Ամեն մեկը հնարավորություն ունի գտնելու իրեն հետաքրքրող թեման»,- հավելեց նա։



















