Արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը պատրաստվում է հատել Խաղաղ օվկիանոսը (լուսանկարներ)

12:31 • 01.06.15

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Solar Impulse 2 ինքնաթիռը, որը գործում է բացառապես արևային էներգիայի շնորհիվ ու ցանկանում է շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել, չնախատեսված վայրէջք է կատարել Ճապոնիայում:

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ինքնաթիռը երեկ վաղ առավոտյան դուրս է եկել Չինաստանից` ուղևորվելով դեպի Հավայիներ, սակայն վատ եղանակի պատճառով այն վայրէջք է կատարել ճապոնական Նագոյա կղզում:

 

Solar Impulse 2-ի օդաչուներից մեկը` Անդրե Բորշբերգը, պատմել է, որ իրենց սպասվում է անչափ վտանգավոր ուղևորություն, որի ընթացքում իրենք 6 օրում պետք է հատեն Խաղաղ օվկիանոսը: Նա նաև հավելել է, որ սպասվելիք բարդ թռիչքից առաջ ամենևին էլ չի վախենում, քանի որ վստահ է ինքնաթիռում առկա ժամանակակից տեխնիկայի ու իրենց աջակցող թիմի վրա:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ շվեյցարական Solar Impulse 2 ինքնաթիռն իր տեսակի մեջ առաջին օդային փոխադրամիջոցն է, որն ունակ է թռչել և՛ ցերեկը, և՛ գիշերը: Այն իր շուրջերկրյա ճամփորդությունը սկսել է ընթացիկ տարվա մարտին` Աբու Դաբիում:

 

Ինքնաթիռն ունի 2 հսկայական թև, որոնց վրա տեղակայված է 17.000 հատ արևային մարտկոց: Մոտ 2.5 տոննա կշռող ինքնաթիռն արևային էներգիան լավագույնս կլանելու համար բարձրանում է 8.5 կմ բարձրության վրա: Solar Impulse 2-ի զարգացրած առավելագույն արագությունը 138 կմ/ժ է:

Արևային էներգիայով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը պատրաստվում է հատել Խաղաղ օվկիանոսը (լուսանկարներ)