Microsoft-ը հայտարարել է Windows 10 օպերացիոն համակարգի վաճառքի ամսաթիվը
Microsoft ընկերությունն այսօր հայտարարել է, որ Windows 10 օպերացիոն համակարգը վաճառքում կհայտնվի հուլիսի 29-ին: Նոր սերնդի օպերացիոն համակարգը միանգամից կհայտնվի 190 երկրում և հասանելի կլինի թարմացման տեսքով:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` նոր տարբերակին անվճար կերպով անցնել կկարողանան Windows 7 և Windows 8.1 համակարգերով աշխատող համակարգչի օգտատերերը: Մյուս սարքավորումների համար նախատեսված տարբերակները շուկայում կհայտնվեն ավելի ուշ` մինչև տարեվերջ:
Այս օպերացիոն համակարգի թողարկմամբ Microsoft-ը սկսում է «կյանքի կոչել անհատական համակարգիչների հայեցակարգը»:
«Հայեցակարգի հիմքում ընկած են պատասխանատու մոտեցումը տվյալների պաշտպանությանը և անձնական տեղեկատության անձեռնմխելիությանը, ինչպես նաև՝ օգտատիրոջ համար առավելագույն հարմարավետությունը համակարգի հետ աշխատելիս, այդ թվում` ձայնային կառավարման, սենսորային մուտքագրման գործառույթները և հոլոգրաֆիկ պատկերներ ստեղծելու գործիքները»,- ընկերության մամլո ծառայությունը մեջբերել է Microsoft-ի գործադիր փոխնախագահ Թերրի Մեյերսոնի խոսքը:
Windows 10-ը միասնական օպերացիոն համակարգ է նախատեսված բոլոր տեսակի սարքավորումների համար: Նոր տարբերակում մենյուն կրկին վերադարձվել է Start-ին:
Windows 10-ում ներկառուցված է նաև Microsoft Edge բրաուզերը, ինչպես նաև՝ Office 2016 օֆիսային փաթեթը:










