Levi's ապրանքանիշը սենսորային գործվածքից կարված հագուստ կթողարկի
Google I/O համաժողովի ժամանակ որոնողական հսկան յուրատեսակ, հպումների նկատմամբ զգայուն գործվածք է ցուցադրել, որից կարված առաջին հագուստը կթողարկի «ջինսային հսկա» Levi's ապրանքանիշը:
Ինչպես գրում է Rbc.ru-ն`սենսորային գործվածք ստեղծելու նախագիծն ստացել է Jacquard անվանումը: Համաժողովի ժամանակ գործվածքի հնարավորությունները ցուցադրել են հատուկ տաղավարում: Գործվածքի կտորը, որին մի քանի մոնիտորներ և սմարթֆոն են միացրել, տեղադրել են մեծ սեղանի վրա: Գործվածքի սենսորային հատվածին դիպչելիս էկրանի վրա պատկերը կենդանանում է, և համակարգիչը ցույց է տալիս, թե որ հատվածին եք հպվել:
Ընդհանուր առմամբ՝ գործվածքը շատ չի տարբերվում սովորական սենսորային էկրանից:
Տեխնոլոգիայի գաղտնիքը գործվածքի մեջ է. այն կարված է հատուկ հաղորդիչ թելերից, սակայն արտաքինից գրեթե չի տարբերվում սովորական այլ գործվածքներից:
Jacquard նախագիծը կարող է էականորեն ընդլայնել խելացի տեխնոլոգիաների շուկան: Ապագայում հնարավոր է նաև «խելացի» ժամացույցից բացի «խելացի» հագուստ տեսնենք:










