Ինտերնետում մահվան կանխատեսման թեստեր են հայտնվել

00:12 • 05.06.15

Շվեդ բժիշկները սովորական առցանց թեստ են մշակել, որը մարդուն թույլ է տալիս պարզել սեփական մահվան հավանականությունը` առաջիկա 5 տարվա կտրվածքով:

 

Mashable բլոգի փոխանցմամբ` UbbLE անվանումով թեստն անցնել խորհուրդ է տրվում ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց` 40 - 70 տարեկանի սահմաններում:

 

Հետաքրքրական է, որ իրենց մահվան կանխատեսման համար տղմարդկանց առաջարկվում է պատասխանել 13, իսկ կանանց` 11 հարցի: Թեստի շրջանակներում, ընդհանուր առմամբ, պետք է նշվի տարիքը, պատմվի` ինչ հաճախականությամբ է ծխում հարցվողը, ունի՞, արդյոք, ավտոմեքենա, արդյո՞ք վերջին շրջանում նրա կյանքում եղել են զգալի փոփոխություններ և այլն: 

 

UbbLE մահվան թեստը կազմվել է  655 տարաբնույթ ցուցիչների հիման վրա, որոնք այս կամ այն կերպ կապված են վաղաժամ մահվան հետ: Թեստը արդեն փորձարկվել է 500 հազար կամավորների վրա` UK Biobank բրիտանական նախագծի շրջանակներում:

Ուշագրավ է, որ նախագծի մեկնարկից հետո 5 տարի անց կամավորներից 8500 մարդ մահացել է: Հենց այդ մահացությունների հիման վրա էլ ձևակերպվել են հիմնական հարցերը, որոնց պատասխանները թույլ են տալիս մահվան հավանականության կանխատեսում անել:

Մասնագետները նշում են, որ մարդու մահվան ռիսկը նվազում է նրա քայլելու հաճախականության աճի հետ, սակայն մեծանում է, եթե մարդը ավտոմեքենա ունի: Վաղաժամ մահվանը նպաստող ամենաուժեղ գործոնը մասնագետներն անվանում են ծխելը:

 

Ինտերնետում մահվան կանխատեսման թեստեր են հայտնվել