Արևային ջրատաքացուցիչներից օգտվողների թիվն աճում է, քանզի արևային էլէներգիան ձեռնտու չէ. մասնագետ
Եթե Հայաստանում դեռևս ֆինանսապես շահավետ չէ սեփական միջոցներով արևային էլեկտրաէներգիայի կայանի տեղադրումը, ապա փոխարենը լայն տարածում է ստացել արևային ջրատաքացման համակարգերի տեղադրումը: Tert.am-ի հետ զրույցում ասաց այլընտրանքային էներգետիկայի սարքավորումների պատրաստմամբ զբաղվող ընկերություններից մեկի տնօրեն Միխայիլ Մարտիրոսյանը:
«Արևային ջրատաքացուցիչ համակարգի տեղադրման ծախսը դուրս է գալիս 5 տարի հետո՝ էլեկտրաէներգիայի խնայողության հաշվին, իսկ սարքի կյանքի տևողությունը 25-30 տարի է: Իսկ գինը կախված է նրանից, թե քանի հոգի կա տվյալ տանը, ինչ նպատակով է օգտագործվելու տաք ջուրը»,-ասաց նա:
Միխայիլ Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում հաշվարկում են, որ օրական 1 մարդն օգտագործում է 70 լիտր տաք ջուր, հետևաբար, օրինակ՝ 4 հոգուց բաղկացած ընտանիքի համար պետք է տեղադրել 300 լիտրանոց համակարգ է, ինչը մոտավորապես կարժենա
2000 դոլարից փոքր-ինչ ավելի:
«Խոսքը այն համակարգի մասին է, որը աշխատում է բոլոր եղանակներին, անկախ նրանից, այդ պահին արև է, թե ոչ»,-ասաց նա:
Մասնագետը նշեց, որ շատ ընկերություններ առաջարկում են ջրատաքացուցիչ սարքերին կրկնակի համակցում անել ու օգտագործել նաև տան ջեռուցման համար, սակայն դա, ըստ նրա, տնտեսապես նպատակահարմար չէ:
«Կրկնակի համակցումը ամբողջ աշխարհում օգտագործվում է, որպեսզի ավելցուկ էներգիան՝ կենցաղային ջրի էներգիան, չկորցնենք, ուղղենք ջեռուցմանը: Սակայն ինքը՝ ջեռուցումը, շատ մեծ ներդրումներ է պահանջում և կատարված ծախսը դուք կհանեք միայն 20 տարի հետ, այն դեպքում երբ այդ համակարգի կյանքը առավելագույնը 30 տարի է
Ցանկացած տնտեսագետ կասի, որ դա անիմաստություն է»,- ասաց նա:
Միխայիլ Մարտիրոսյանը նշեց նաև, որ այսօր Հայաստանում կան շենքեր, որտեղ բոլոր բնակիչները միացել են ու միասին տեղադրել այս համակարգը, օրինակ, Հյուսիսային պողոտայում:










