Հայկական Triada Studio ընկերության Shadomatic խաղն արժանացել է Apple Design Awards մրցանակի
Ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 8-ին անցկացրել է Apple Design Award ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրել է iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակներին, գրում է techcrunch.com կայքը։
Հետաքրքրական է, որ այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում մրցանակի է արժանացել նաև հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերությունը` Shadowmatic խաղի համար:
Ինչպես ավելի վաղ նշվել էր Tert.am-ի բլոգեր Հարություն Սարդարյանի գրառման մեջ, Shadowmatic-ը խաղ է՝ նախատեսված բացառապես App Store-ի համար։ Առաջին իսկ օրերից հայտնվել է Featured բաժնում և ստացել Editor’s Choice կարգավիճակ։ Shadowmatic-ը երևակայության վրա հիմնված գլուխկոտրուկ է, որտեղ խաղացողը պետք է պտտի, համադրի ազատ տարածության մեջ գտնվող աբստրակտ օբյեկտները և փորձի նրանց՝ պատին ընկած ստվերով ստանալ ճանաչելի պատկերների, առարկաների սիլուետներ։ Խաղի գրաֆիկան շատ բարձր որակի է, ավարտուն և ֆոտոռեալիստիկ։ Խաղացվում է շատ հաճելի և սահուն։ Հաշվի է առնված ամեն մանրուք։
Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց. ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան և Արա Աղամյան:
Techcrunch.com-ը հավելում է, որ բացի Shadowmatic-ից, մրցանակակիրների թվում են հայտնվել նաև Elementary Minute, Jump-O, Metamorphobet, Robinhood, Affinity Designer, Crossy Road , Fantastical 2 , Workflow, Does Not Commute, Vainglory և Pacemaker հավելվածների հեղինակները, ովքեր ներկայացնում են տարբեր երկրներ:
Triada Studio–ն հիմնադրվել է դեռ 1993թ.–ին, որպես համակարգչային գրաֆիկայի և անիմացիայի ստուդիա։ Համարյա 22 տարի անց նրանց հաջողվեց գրավել ներկայիս ամենապատվավոր, ամենահեղինակավոր բարձունքներից մեկը։ Ընկերությունը երկար տարիներ զբաղվել է եռաչափ մոդելավորման, անիմացիայի, գովազդների, ֆիլմերի հատուկ էֆեկտների և այլն ստեղծագործ գործունեությամբ։ Shadowmatic–ը սկիզբ է առել 2012թ.–ի մարտ ամսին, և աշխատանքները տևել են գրեթե 3 տարի։
Shadowmatic-ի լեվելների պրոգրեսիան գծային չէ, ինչպես ընդունված է այլ խաղերում. գաղափարը շատ հետաքրքիր է։ Մենյուում և ամբողջ խաղի ընթացքում օգտագործված է եռաչափ պառալաքս տեխնոլոգիան (3D parallax) զումի հնարավորությամբ։ Խաղն ընդհանուր առմամբ ունի 70 լեվել, որոնք բաժանված են 9 տարբեր միջավայրերով (սենյակներով): Խաղի ամբողջ ընթացքում հնչում է հիանալի երաժշտություն, հանգստացնող և հաճելի։ Խաղում կա նաև օգնության և հուշումների համակարգ։
Եթե ունեք Apple ընկերության սարք՝ iPhone, iPad, iPod, ապա Shadowmatic–ը վստահաբար տեղ ունի ձեր գրադարանում։ Այն վաճառվում է Apple App Store–ում $2.99 գնով։
Կարող եք գնել և ներբեռնել այստեղ։










