Apple-ը ներկայացրել է Apple Music վճարովի երաժշտական ծառայությունը

09:16 • 09.06.15

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերության փոխնախագահ Էդի Քյուն հատուկ կազմակերպված միջոցառման շրջանակում ներկայացրել է Apple Music վճարովի երաժշտական ծառայությունը:

 

Ինչպես նշում է lenta.ru-ն, հավելվածը թույլ կտա օգտատերերին մատչում ստանալ դեպի Apple Music-ի սեփական կատալոգի երգերը, Beats 1 շուրջօրյա առցանց  ռադիոյին, ինչպես նաև Connect հարթակին, որը նախատեսված է երգիչների ու երաժիշտների հետ շփման համար:



Աղբյուրը հավելում է, որ կատալոգում ներառված է 30 մլն-ից ավելի երաժշտական կոմպոզիցիա, որոնք վերաբերում են ամենատարբեր ուղղություններին ու ոճերին: Նշվում է, որ նորույթից կարելի է օգտվել Siri ձայնային որոնման հավելվածի միջոցով:

 

Apple Music-ը հասանելի կլինի աշխարհի 100 երկրում հունիսի 30-ից: Այն նախատեսված է iPhone, iPad, iPod Touch սարքերի, ինչպես նաև անձնական համակարգչի համար: Իսկ ընթացիկ տարվա աշնանից այն հասանելի կլինի նաև Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար:



Առաջին 3 ամսվա համար բաժանորդագրությունն անվճար է լինելու, սակայն հետագայում հարկավոր է ամեն ամիս 10 դոլար վճարել:

Apple-ը ներկայացրել է Apple Music վճարովի երաժշտական ծառայությունը