ՀՀ-ն այսպիսի հաջողություն երբևէ չէր ունեցել. Կարեն Վարդանյանը՝ Triada Studio-ի` Apple-ի մրցանակին արժանանալու մասին

17:03 • 09.06.15

Հայաստանն այսպիսի հաջողություն երբևէ չէր ունեցել, սա շատ լուրջ հաջողություն է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը՝ անդրադառնալով Հայկական Triada Studio ընկերության Shadomatic խաղի՝ Apple Design Awards մրցանակին արժանանալուն։


Հիշեցնենք, որ ամերիկյան հեղինակավոր Apple տեխնոլոգիական ընկերությունը հունիսի 8-ին անցկացրել է Apple Design Award ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգևատրել է iOS օպերացիոն համակարգի համար ստեղծված լավագույն հավելվածների հեղինակներին, որին արժանացել է նաև հայկական «Տրիադա Ստուդիո» (Triada Studio) ընկերությունը` Shadowmatic խաղի համար:
 

Հիշեցնենք նաև, որ Shadowmatic-ը խաղ է՝ նախատեսված բացառապես App Store-ի համար, որ առաջին իսկ օրերից հայտնվել էր Featured բաժնում և ստացել Editor’s Choice կարգավիճակ։  Իսկ Shadowmatic-ը ստեղծող թիմը բաղկացած է չորս հոգուց. ծրագրավորող Բագրատ Դաբաղյան, դիզայներ Արսեն Ավոյան, կոմպոզիտոր Սերգեյ Մելքոնյան և Արա Աղամյան:

Կարեն Վարդանյանը նշեց, որ դիզայնի ոլորտում Հայաստանը գրեթե ինստիտուտներ, կառուցվածքներ չունի և այս քայլի համար պետք է «տղերքին մեծարենք»։ Նա գտնում է, որ այս մրցանակի շնորհիվ Հայաստանի կշիռը միջազգային ասպարեզում՝  որպես տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչ, կբարձրանա։

 

«Հայտնի է, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետների դեֆիցիտ կա, իսկ խաղերի ոլորտը նրանով է լավ, որ կարողանում ես ներգրավել ոչ միան ՏՏ մասնագետների, այլ օրինակ դիզայներների, սցենարիստների և այլ մասնագետների»,- ասաց նա և նշեց, որ խաղերի ոլորտում մի տասը ընկերություններ կան, որոնք հաջողությունների հասնելու պոտենցիալ ունեն, բացի այդ էլ, Հայաստանում կա բաց խաղերի առաջնություն, որտեղ  ընկերությունները կարող են մրցել, և մրցանակի արժանացած ընկերության անդամները այդ առաջնությունում ժյուրիի անդամներ են։


«Իրենք շփվում են միջազգային մասնագետների հետ, և շատ հնարավոր է նոր ասպարեզներ են բացում ընկերության համար»,- ասաց նա և ընկերության անդամներին շատ սկզբունքային տղաներ համարեց։
 

ՀՀ-ն այսպիսի հաջողություն երբևէ չէր ունեցել. Կարեն Վարդանյանը՝ Triada Studio-ի` Apple-ի մրցանակին արժանանալու մասին