Տաջիկստանում վերականգնել են սոցցանցերի և YouTube-ի հասանելիությունը
Տաջիկստանում ինտերնետ-պրովայդերները վերականգնել են սոցցանցերի և լրատվական գործակալությունների հասանելիությունը, որոնք արգելափակվել էին մայիսի 29-ից՝ Կառավարությանը կից կապի ծառայության պահանջով, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
Պրովայդերները չեն բացառել, որ հասանելիությունը վերականգնվել է՝ պայմանավորված «Ջուրը կյանքի համար» միջազգային գործողության արդյունքներին նվիրված միջազգային համաժողովի անցկացմամբ, որին մասնակցելու համար եկել են 99 երկրների ավելի քան 1.500 ներկայացուցիչներ, նաև՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:
Տաջիկստանում, մասնավորապես, փակված էր Facebook, Одноклассники, ВКонтакте սոցցանցերի, YouTube տեսահոսթինգի, ինչպես նաև «Ազատություն» ռադիոկայանի տաջիկական ծառայության և ASIA-Plus գործակալության կայքերի հասանելիությունը:
Փորձագետները կարծում են, որ կայքերն արգելափակվել են Տաջիկստանի հատուկ նշանակության ջոկատի արդեն նախկին հրամանատար, գնդապետ Գուլմուրոդ Խալիմովի հայտարարության պատճառով, ով սոցցանցերի միջոցով տեղեկացրել էր, որ լքում է երկիրը, որպեսզի մեկնի Սիրիա՝ կռվելու «Իսլամական պետության» շարքերում: Նա խոստացել էր հայրենիք վերադառնալ ԻՊ-ի զինյալների հետ՝ պաշտպանելու մուսուլմանների իրավունքները:










