Jaguar Land Rover-ը փորձարկում է երթևեկելիս փոսերից խուսափելու տեխնոլոգիան (տեսանյութ)

14:07 • 11.06.15

Բրիտանական Jaguar Land Rover կոնցեռնը փորձարկում է իր նոր տեխնոլոգիան, որի օգնությամբ մեքենաները կկարողանան ինքնուրույն հայտնաբերել երթևեկության ընթացքում հանդիպող փոսերն ու անհարթությունները, գրում է 3dnews.ru-ն։

 

Նոր գործառույթը ստացել է Pothole Alert անվանումը, որն ունակ է մեքենան պաշտպանել վնասվածքներից և ինչու չէ՝ կարող է նաև մարդկային կյանքեր փրկել։

 

Pothole Alert տեխնոլոգիան ճանապարհը սքանավորելու համար օգտագործում է մեքենայի առջևում տեղադրված հատուկ տվիչները։

 

Դրանք օգնում են մեքենային հայտնաբերել ճանապարհային մեծ ճեղքերը, դիտահորերը և այլ անհարթություններ, որոնց վրայով երթևեկելը կարող է վտանգավոր լինել։

 

Վտանգը հայտնաբերելու ժամանակ մեքենան անմիջապես ազդանշան է տալիս վարորդին, որպեսզի նա միջոցներ ձեռնարկի հարվածն առավելագույնս մեղմելու համար։

 

Բացի այդ, նոր տեխնոլոգիան միացված է լինելու տեղեկությունների բազային, որի օգնությամբ  մեքենաները միմյանց կկարողանան հայտնել արդեն հայտնաբերված խոչընդոտների մասին և փոխանակվել այլ տեղեկություններով։ 

Jaguar Land Rover-ը փորձարկում է երթևեկելիս փոսերից խուսափելու տեխնոլոգիան (տեսանյութ)