Պորտալարի մեջ են գտնվում ամենաթարմ ցողունային բջիջները. մասնագետը՝ պորտալարային արյան բանկի մասի

14:32 • 11.06.15

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի նախագահ Սևակ Ավագյանն այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեց իրենց հիմնադրամը և նշեց, որ այն զբաղվում է արյան քաղցկեղով տառապող մարդկանց  խնդիրներով:


«Երբ քիմիոթերապիան չէր օգնում նախկինում հիվանդները մահանում էին, սակայն քառորդ դարից ավելի է, ինչ կիրառվում է  ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում, որի համար անհրաժեշտ են դոնորներ և առաջին դոնորը  կարող են հանդիսանալ հիվանդի քույրը կամ եղբայրը»,- ասաց նա:


Նա նշեց, որ չորս  երեխա ունեցող ընտանիքների դեպքում հավանականությունը, որ մեկը մյուսին կարող են դոնոր հանդիսանալ քսանհինգ տոկոս է, իսկ Հայաստանում չորս երեխաներ ունեցող ընտանիքները  թիվը գնալով պակասում է և տոկոսային հավանականությունը նվազում է:  Նա նշեց, որ հայերը որպես էթնիկ խումբ  հատուկ գենետիկ կառուցվածք ունեն, և որքան շատ լինի ռեեստրը այդքան հավանականությունը մեծ կլինի:


Սևակ Ավագյանն ասաց, որ իրենց հիմնադրամում կա  27 հազար դոնոր, իսկ դոնոր կարող են հանդիսանալ 18-50 տարեկան առողջ մարդիկ:


Անդրադառնալով ոսկրածուծի քաղցկեղի բուժման նպատակով Հայաստանում ներդրված պորտալարային արյան բանկին՝ հիմնադրամի նախագահը հայտնեց, որ պորտալարի մեջ են գտնվում ամենաթարմ ցողունային բջիջները, և իրենք առաջարկում են երբ երեխային  անջատում են  պորտալարից,  վերցնեն այդ բջիջները և պահպանեն: Նա ասաց, որ արդեն տասը ծննդատան հետ ունեն պայմանագիր: «Եթե ապագայում հանկարծ խնդիր առաջանա, էլ դոնորի խնդիր չի  լինի, իրենք կհանդիսանան իրենց իսկ դոնորները»,- ասաց նա:


Նա նշեց, որ ցողունային այդ հավաքագրումը, մշակումը, պահպանումը իրականացնելու համար  ծնողները պետք է վճարեն հազարական դոլար, իսկ հետագայում տարեկան հիսունական դոլար: Նա հայտնեց, որ արդեն տասներկու մարդ այդ քայլն իրականացրել է:


Սևակ Ավագյանը հայտնեց, որ ցողունային բջիջները կարող են անժամկետ  պահվել հեղուկ ազոտի մեջ, և դրանց որակական հատկությունները չեն փոխվում: Նա ասաց, որ  աշխարհում գոյություն ունեն պորտալարային արյան հանրային և մասնավոր  բանկեր:


Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ գինեկոլոգ Մերի Թադևոսյանը նշեց, որ այդ գործընթացը ոչ մի կերպ չի վնասում երեխային կամ մորը:
 

Պորտալարի մեջ են գտնվում ամենաթարմ ցողունային բջիջները. մասնագետը՝ պորտալարային արյան բանկի մասի